Արագածոտնում շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունը լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում է կատարել
Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:
Կառավարության հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նախ այցելել է Ոսկևազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ: Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում:
Կառավարության ղեկավարն այցելել է Ոսկևազի գինու գործարան՝ ծանոթացել վերջինիս վերակառուցման ներդրումային ծրագրի ընթացքին: Այստեղ այժմ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 5-6 մլն դոլար: Ընկերության արտադրանքն Հայաստանից բացի այժմ իրացվում է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Էստոնիայում և մի շարք այլ երկրներում:
Այնուհետև վարչապետն ուղևորվել է Օշականի թռնաբուծական ֆաբրիկա: Տեղեկացվել է, որ արտադրվող թռչնամիսն ու ձուն իրացվում է միայն տեղական շուկայում: Մեկ մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց, ինչի արդյունքում ակնկալվում է արտադրվող թռչնամիսն ավելացնել երեք, իսկ ձուն՝ 1,5 անգամ: Ներկայում թռչնաբուծական ֆաբրիկան տարեկան արտադրում է 2 հազար տոննա թռչնամիս և 40 մլն ձու: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ներկայիս 100 աշխատատեղերին կավելանան ևս 100-ը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շոկոլադի արտադրության ընդլայնման ծրագրի արդյունքներին: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը, հիմնվել է նոր արտադրամաս: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:
Հարակից հրապարակումներ`
- Բացվել է «Թալին-1» արևային կայանը
- Շոկոլադի արտադրությամբ զբաղվող նոր գործարանն Արագածոտնում նոր աշխատատեղեր կստեղծի