2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է` 2018 թվականի բյուջեն կայունացման բյուջե է: Նրա խոսքով, շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ մենք ոչ այնքան գումարի խնդիր ունենք, որքան եղած գումարներն արդյունավետ ծախսելու:
«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չի, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց նա:
Շարմազանովի խոսքով, ընդդիմությունը բյուջեի նախագծում մի քանի բացասական կետ է գտնում և դրանց մասին անընդհատ բարձրաձայնում, ինչը շատ բնական է նրա դերակատարման դեպքում: ԱԺ փոխնախագահն այնուհետ դիմեց քննարկմանը ներկա ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցնելով՝ «Հիմա էս ժողովուրդը 10 տոկոս վա՞տ է ապրելու: Պետք է պատասխան տալ, ընդդիմությունը թերթերով հրապարակել է, ես իշխանությունից պատասխան դեռ չեմ լսել»:
Նախարարը պատասխանեց, որ բյուջեի ուղերձն է` կայունացում և տնտեսական աճ. «Ասել, որ մեր կյանքը գնալով վատանալու է, ես չեմ կիսում այդ կարծիքը»,- հավելեց Վարդան Արամյանը` նշելով, որ տնտեսական աճը կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման, և մարդկանց կենսամակարդակը կլավանա:
Քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը չհամաձայնեց նախարարի հետ՝ նկատելով՝ քանի որ հասարակությունում կա բևեռացում, հնարավոր է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճի, բայց աղքատներն է՛լ ավելի աղքատանան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին