Գիտությունո՞վ կնվագեք
Այս արտահայտությունը օգտագործվում էր, երբ նոտաներով էին նվագում։ Նոտայովը հարգի չէր, հարգին՝ լսես ու նվագես, ինչը անել մասնագետները թույլ չէին տալիս։
Ինչու գիտությունը դարձավ լայն քննարկման առարկա ու դասադուլի նյութ հիմա՝ բանակում ծառայելու թեմայի հետ, բայց ոչ՝ երբ սկսեցին դպրոցները օպտիմալացնել։ Երբ ասենք կրթությունը դարձավ տասներկու տարի ու՝ լրիվ արհեստական։ Ոչ խորացում, ոչ արդյունք՝ պարզապես երկու տարի ջուրծեծոցի ավելացավ։ Ինչո՞ւ չեղան դասադուլներ՝ չէ՞ որ իսկական գիտական այրերը պիտի գիտական մոտեցում ունենան ամեն ինչին, մանավանդ՝ կրթությանը։
Կամ ինչո՞ւ միայն գիտություն։ Եկեք ամբողջական նայենք՝ իսկ երգիչ-երաժիշտնե՞րը։ Չպիտի ծառայեն, որովհետև տաղանդավո՞ր են։ Հանրությունը բողոքում է, որովհետև գնահատում է և գիտությունը, և տաղանդը՝ դա հասկանալի է։
Խեղճ, ռոմանտիկ հանրություն։
Ձեռքը նետում է փրփուրին՝ իդեալներ պահպանելու համար։ Բարձր իդեալներ, նրբաճաշակություն, հեռուն գնացող նպատակներ՝ գիտություն, երաժշտություն, տաղանդ...։
Ու երբ հանրության մյուս մասն ասում է՝ թող բոլորը ծառայեն, նրանք էլ սոցիալական արդարության իդեալներ ունեն։
Խեղճ, ռոմանտիկ հանրության մյուս կես։
Հայաստանյան հանրությունը փորձում է մարդ մնալ՝ սոցիալական արդարություն, գիտություն ու տաղանդ գնահատելով։ Բայց ռոմանտիկան խանգարում է իրականության ամբողջությունը գնահատել։ Կամ էլ ինքնապաշտպանությունն է, որ խանգարում է։
Իսկ ամբողջությունը տեսնելու համար պիտի նայել շուրջը՝ Ապրիլյանի տղաներին։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ մեծ սիրտ պիտի ունենա մարդ, որ չասի՝ ես էլ էի ուզում սովորել,... ես էլ էի տաղանդավոր,... ես էլ եմ ուզում արդարություն։ Ու չեն ասում։ Ոչ կյանքները տվողները, ոչ պատերազմի կույր հրաշքով ապրողները։
Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝ և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով։
Բայց այդպես չի լինում Հայրենիք ու ազգ։ Որովհետև այդպես չեն ապրում միասին։ Որովհետև դու չես կարող խելացի ու վսեմ լինել ու մնալ, երբ չգիտես՝ կողքինդ եթե կուշտ լիներ, կամ նույնիսկ՝ ապրեր, գուցե ինքն էլ լիներ նույնքան ու ավելի խելացի։
Դու չես կարող լինել հպարտ, երբ բաժանում ես՝ սա գիտությունով զբաղվի, սա տաղանդ է՝ ինձ ուրախացնի, սա էլ ի՞նչ պիտի անի՝ թող կռվի, էլի։
Ազգը պիտի միասնական առաջնահերթությունը տեսնի։ Այո, երբ նայում ենք Արևմուտք, մտածում ենք՝ առաջնահերթությունը գիտությունն է, իսկ երբ նայում ենք քթի տակ՝ պարզվում է, որ... կյանքն է։
... Ես էլ կսիրեմ գիտություն ու արվեստ, ես էլ կուզեի հողը թողած, ապահով թողած՝ և մշակին, և պահողին, աչքերս հառենք տիեզերք ու երազենք ամպոտ ոտքերով, բայց իմ սրտում Ապրիլյանի տղաներն են։
Միշտ։
Անահիտ Ոսկանյան
Վերջաբանի փոխարեն.
... կռնչում են նրանց թռչունները խռպոտ,
որ աշխարհը կմնա հնոտ,
այո, կմնա հնոտ,
կուրացուցիչ ձնոտ,
ու կասկածելի նրբոտ,
աշխարհը կմնա ստոտ,
աշխարհը կմնա էլի,
կարող է և՝ հասանելի,
բայց և ոչ վերջանալի։
Ու ուրեմն չի լինի շահը
հավատից առ քեզ ու Աստվածը։
... Ու ուրեմն մնացին միայն
խաբկանքն ու ճանապարհը։
Ու կելնեն երկրից արևամուտները,
Ու կելնեն երկրից լուսաբացերը։
Կպարարտացնեն այն զինվորները,
Կհպարտացնեն այն պոետները։
Բրոդսկուց
Հարակից հրապարակումներ`
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
- Դու արդեն ամենակարևոր բաները սովորել ես
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան