Անցումը ծրագրային բյուջետավորման համակարգին թույլ կտա ավելի արդյունավետ ծախսել պետական միջոցները. Գ. Մինասյան
Այս տարվա բյուջետային քննարկումները տարբերվում էին նրանով, որ թե կառավարության անդամներն էին բյուջեի նախագիծը ներկայացնում ծրագրային ձևաչափով, թե մեր պատգամավորներն էին իրենց հարցադրումներն այդպես բարձրացնում:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում բյուջեի քննարկումներին:
«2019 թ-ից ՀՀ-ն անցնում է 100 տոկոսով ծրագրային բյուջետավորման համակարգի, որը թույլ է տալու ավելի արդյունավետ ծախսել պետական միջոցները, ավելի կանխատեսելի դարձնել այն ուղղությունները, որտեղ մենք փորձում ենք ինչ-որ բան փոխել և, ամենակարևորը՝ վերահսկել»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով 2018թ-ի պետական բյուջեին՝ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ եկամուտ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 մլրդ դրամ:
Ըստ նրա՝ պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.8 %-ի չափով: «Իրար հաջորդող երկու ծանր ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցել է այն սահմանագծին, որը սահմանված է «ՀՀ պետական պարտքի մասին օրենքով, այսինքն՝ 60 տոկոս, որից հետո արտաքին պետական պարտքի ներգրավումը սահմանափակված է: Այսպիսով, կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Իսկ 50%-ը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը: Ուստի հաջորդ տարվա դեֆիցիտը էապես պայմանավորված է հենց այդ հանգամանքով»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Խոսելով գնաճից՝ նշեց, որ 12-ամսյա գնաճը կազմել է 1,2 տոկոս: «Եթե նայենք գնաճի ցուցանիշները վերջին երեք տարիների ընթացքում, ապա 2015-2016 թթ-ին գնաճ չի եղել, ունեցել ենք գնանկում ՝ համապատասխանաբար 0,1 և ,1,1 տոկոսի չափով, ուստի եթե համադրենք, ապա 1,2 տոկոս գնաճը բավականին համեստ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարվա համար կանխատեսել էինք 4+-1.5% գնաճ, ակնհայտ է, որ մենք չենք հասնի գնաճի այդ մակարդակին»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ որոշ ապրանքատեսակների մասով գնաճը բավականին մեծ է. խոսքը կարագի, մսամթերքի մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին