Քրմոյանը ՄԱԿ-ում ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի քայլերը
«Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանը կարևորում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ջանքերի և նպատակների համատեղումն ու կառուցողական համագործակցությունը»,-ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Վիեննայում ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 7-րդ նստաշրջանում:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սուրեն Քրմոյանը ելույթում անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում վերջին շրջանում իրականացրած նախաձեռնություններին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին։ Ելույթում նշվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ մարմնի ստեղծման մասին՝ միաժամանակ ընդգծելով տվյալ մարմնին վերապահված և կոնվենցիայով սահմանված անկախության երաշխիքները։
Սուրեն Քրմոյանը խոսել է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման կարևորագույն տարրերից ազդարարման համակարգի ստեղծման, ապօրինի հարստացման քրեականացման, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխման, էլեկտրոնային կառավարման գործիքների շարունակական ներդրման, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և այլ կարևորագույն նախաձեռնությունների մասին։