Ֆրանսիայի դատարանը թույլատրեց Ադրբեջանին անվանել «բռնապետություն»
Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատարանն անընդունելի է համարել Բաքվի հայցն ընդդեմ France 2 հեռուստաալիքի լրագրողներ Էլիզ Լյուսենի ու Լորան Ռիչարդի, որոնց Բաքուն մեղադրում էր զրպարտության մեջ՝ Ադրբեջանին «դիկտատուրա» (բռնապետություն) անվանելու համար:
Էլիզ Լյուսենն ու Լորան Ռիչարդը Ադրբեջանին բնորոշել էին որպես բռնապետություն «Cash Investigation» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել էր 2015թ.-ի սեպտեմբերի 7-ին:
Նանտեր քաղաքի դատարանի նախագահը հայտարարել է. «Մամուլի ազատության մասին օրենքը նպատակ ունի ապահովելու խոսքի ազատությունն ու թույլ չտալ պետությանը քրեական հետապնդման ենթարկել անհատին»:
Ինչպես հաղորդում է Liberation-ը, դատարանը գտել է, որ «քրեական օրենսգիրքը խստորեն մեկնաբանվել է» ու Կովկասի պետությունը «չունի ավելի իրավունքներ, քան Ֆրանսիայի պետությունն» ու անընդունելի ճանաչել հայցը:
«France Télévisions»-ի ու երկու լրագրողների փաստաբանները ողջունել են դատարանի որոշումը: Փաստաբան Վիրջինի Մարկեն դատարանի որոշումն անվանել է «շատ հետաքրքիր»՝ ընդգծելով, որ դատարանը ճանաչեց, որ քաղաքացու, ավելին, լրագրողի դեմ գործելը լրջորեն կվնասի արտահայտվելու ազատությանը: Փաստաբանը նշել է, որ այս որոշումը «վերջ դրեց լրագրողներին քաղաքական գրաքննության ենթարկելու բոլոր հնարավորություններին»:
Հիշեցնենք, որ «Cash Investigation» հաղորդման ժամանակ Էլիզ Լյուսեն ներկայացրել է Լորան Ռիչարդի ռեպորտաժը, որն արվել էր նաև Ֆրանսուա Օլանդի Բաքու այցի շրջանակներում, որում Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևը՝ որպես «դիկտատոր» կամ «բռնապետ»: Ալիևին բռնապետ էր անվանել նաև «France Télévisions»-ի գործադիր տնօրեն Դոֆան Էրնոտը, ով ասել էր, որ եթե իրենք մի բանի մասին խոսում են, ապա այն ստուգում ու վերստուգում են՝ ընդգծելով, որ ռեպորտաժի պատրաստումը տևել է մոտ 1 տարի:
«Ասել, որ Ադրբեջանում դիկտատուրա է, սա կարծիք չէ: «Cash Investigation»-ը կարծիքների վերաբերյալ հաղորդում չէ, այլ հետաքննություն»,-ասել էր հաղորդավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան