Էդգար Ստեփանյան. Այս մեդալից հետո հասկացա, որ նորից կարող եմ հաջողությունների հասնել
Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձևում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջին է եղել մեծահասակների մրցաշարում:
«Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու: Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից: Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´ սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով:
Մեծահասակների խումբ անցումը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նորից հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Էդգար Ստեփանյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր:
Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները:
«Գավաթի խաղարկությունում կարևոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն կբարելավրեմ: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ ավելի շատ միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստում եմ մասնակցել ևս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս:
Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես քեզ կամ չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշել է հեծանվորդը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գյոզալյան. Էդգար Ստեփանյանի հետ աշխատելն ուղղակի հաճույք է
- Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում