Ֆրանսիայի դեսպանի կարծիքով Հայաստանում ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է
«Հայաստանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի մոտ կարծիք է ձևավորվել, որ մեզանում առողջապահական ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է»,- այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպանին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին Հայաստաի սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում։
Լևոն Ալթունյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն` առողջ ապրելակերպի, վնասակար մի շարք սովորույթներից զերծ մնալու ենթատեքստում։ Նա նշել է, որ այդ գաղափարները հանրությանը հասցնելու և առողջ ապրելակերպի մշակույթ ներդնելու նպատակով աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։
Լևոն Ալթունյանը և Ջոնաթան Լաքոտը քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը շարունակելու և ֆրանսիական բրենդի մուտքը Հայաստան կյանքի կոչելու ծրագիրը։ Նախարարն այն կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում արգելվել է հասարակական վայրերում էլեկտրոնային սիգարետ ծխելը
- Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
- Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»
- ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին