Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում
Վանի Գևաշ (պատմ. Ոստան-EH) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը հասցրած վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև:
Սբ. Թովմաս այցելած թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, կիսվելով իր տպավորությունների մասին, գրում է. «Մի ժամանակ այստեղ հավատք կար: Քրիստոսի առաքյալները կային: Հնչում էր հոգևոր երաժշտություն ու պատարագներ էին մատուցվում: Սակայն եկել է այն օրը, որը եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»:
Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել է զբոսաշրջային գոտի՝ կոչ անելով այցելություններ կազմակերպել այնտեղ: Հակադարձելով պատկան մարմինների անհետևողականությանը՝ Իշլերը գրում է, որ եկեղեցի այցելելիս զբոսաշրջիկը ախոռ է տեսնելու ու հիասթափություն է ապրելու:
Լրագրողի խոսքով Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճանապարհ է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, քանի որ ասֆալտի բացակայության պատճառով ցեխ է առաջանում՝ ճանապարհն անանցանելի դարձնելով մեքենաների համար:
Հարակից հրապարակումներ`
- Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի
- 9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան