Բողոքող ուսանողների խումբը Լևոն Մկրտչյանի մոտ է
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քիչ առաջ ընդունեց նախարարության շենքի մոտ տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներից տասը հոգուց բաղկացած խմբին։
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին իրենց առաջարկին ընդառաջելու և հանդիպելու համար, ինչին նախարարը պատասխանեց. «Ընդառաջ գնալու խնդիր չկա և դա իմ պարտականությունն է»:
Ուսանողներին հուզող գլխավոր հարցը տարկետման ինստիտուտի փոփոխման օրինագիծն է։
Նախարարին հարցրեցին, թե ինչով են պայմանավորված համալսարաններում ուսանողների` շարժմանը միանալու խոչընդոտները, համալսարանի դռները փակ պահելու ավանդույթը:
Նախարարն օրինակ բերեց՝ Գյուղատնտեսական ակադեմիայում, Ճարտարագիտական համալսարանում նման բան չի տեսել. «Ուսանողները դասընթացի մեջ են, և դուք գտնում եք, որ այն պետք է ընդհատվի՞: Խոսքն այն մասին է, երբ մենք ունենք մի վիճակ երբ ուսանողության 90 տոկոսը զորակոչվում է բանակ և կատարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ և դա մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է և «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվում է փաթեթ, որով առաջարկվում է վերականգնել պահեստազորի սպայի հասկացությունը»։
Լևոն Մկրտչյանը դիմելով երիտասարդներին, ասաց. «Հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ: Դուք միայն հետևանքներից եք խոսում, խոսեք բովանդակությունից, նոր հետո սկսենք հասկանալ հետևանքները»։
Ուսանողներից մեկն էլ նշեց, որ վստահության մթնոլորտի խնդիր կա նախարարության ու ուսանողների միջև։
Ուսանող Դավիթ Պետրոսյանն ասաց՝ խնդիրն այն է, որ իրենք վստահ չեն, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի ընդունմամբ լուծվելու է արդարության խնդիրը. «Սկզբունքը շատ լավն է, սակայն տարկետման ինստիտուտի սահմանափակելու օրինագծով կարծում ենք, որ սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ կան այլ շատ ոլորտներ, որոնք օգտագործում են բանակից ազատվելու համար, նույն առողջապահական համակարգում կան սողանցքներ: Մինչև այդ ոլորտներում չի բերվել համապատասխան կարգ ու կանոն, այս ոլորտում կատարել փոփոխություն ՊՆ-ի առաջ քաշած նախագծով, տրամաբանական չէ»։
ԿԳ նախարարն ուսանողներին ասաց, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում: Սակայն հանդիպման ավարտին Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ դասադուլը շարունակելու են։
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողներ. Նախարարի հետ հանդիպելու մեր ցանկությունը մնում է ուժի մեջ
- Երեկ դասերից բացակայած ուսանողներին գրավոր նկատողություն է հայտարարվել. «Ժողովուրդ»
- Դասադուլ անող ուսանողները, ձևաչափը չիմանալու պատճառով, չեն մասնակցել Նախարարի հետ հանդիպմանը. ՀԺ
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին