«Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորն ընդունել է ամսական 7500 եվրո «աշխատավարձի» փաստը
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում պարզվեց, որ գումարներ է ստացել Ադրբեջանից, պատասխանել է ամիսներ շարունակ իրեն ուղղված հարցերին ու մեղադրանքներին:
Շտրենցը 9 էջանոց հայտարարության մեջ անդրադարձել է Ադրբեջանի հետ կապերին՝ նշելով, որ ինքը կոռումպացված չէ ու չի ստել: Սակայն, ինչպես գրում է Ostsee-Zeitung-ը, Շտրենցը հարցերին պատասխանել է մասամբ: Քննադատները նրա հայտարարությունները արժանահավատ չեն համարում:
Վերջերս Գերմանիայում կայացած ընտրություններից առաջ հայտնի դարձավ, որ Շտրենցն աշխատել է Ադրբեջանի լոբբիստ Էդուարդ Լինթների համար՝ ստանալով 30 հազար եվրո: Նշվում էր, որ պատգամավորն ակնհայտորեն մտերիմ հարաբերություններ է ունեցել ավտոկրատական պետության հետ, որը սակայն Շտրենցը հերքում է՝ առանց հարցերին պատասխանելու:
Երկուշաբթի օրը Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր , Եվրոպայի խորհուրդ է ուղարկել բացատրություն, որում ասել է, որ «իրեն ուղղված մեղադրանքները հավասարակշռված չեն»: Նա հերքել է ստելու ու կաշառվելու մասին մեղադրանքները, սակայն ընդունել է, որ աշխատել է Լինթների «Line M-Trade» ընկերության համար, ամսական ստացել 7497 եվրո՝ 3 ամիս, ընդհանուր 22 491 եվրո, սակայն չի իմացել, որ այն Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում: Ըստ պայմանագրի, ընկերությունն իր հաճախորդներին տրամադրել է «իրավական, Եվրոպական, միջազգային ու տնտեսական հարցերով խորհրդատվություն»:
ԵԽ-ին ուղարկված բացատրությանը Շտրենցը կցել է նաև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ցանկը, փորձելով ցույց տալ, որ ինքն Ադրբեջանի լոբբիստը չէ ու ակտիվ աշխատել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի ու Վրաստանի հարցերով:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում Շտրենցի նկատմամբ աջակցությունը կորել է: Բունդեսթագում խորհրդարանական խմբակցությունը ևս փորձում է հեռու մնալ այս սկանդալից, իսկ գլխավոր քարտուղար Վոլֆգանգ Վալդմյուլլերն ասել է. NO COMMENT.
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին