Մուտքի խոչընդոտների հանդիպող վրացական ընկերությունները լիարժեք աջակցություն կստանան. Շաբոյան
«Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները մշտապես զարգացել են ակտիվ և դինամիկ»,- այս մասին նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիի հետ հանդիպմանը։
ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Վրաստանի մրցակցային գործակալությունը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով։
«Այսօր մեր երկրում գործում են վրացական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 300 ընկերություններ: Ի ուրախություն մեզ, բավականին մեծ է նաև հայկական ընկերությունների ներկայացվածությունը Վրաստանում, իսկ հատկապես վերջին տարիներին նոր ընկերությունների մուտքը առանձնակի ավելացել է: Այդ իսկ պատճառով այսօր մենք առանձնակի կարևորում ենք բարենպաստ տնտեսական միջավայրի զարգացումը՝ փոխադարձ մրցակցային հավասար և բարեխիղճ պայմանների առկայությամբ»,- նշել է Շաբոյանը։
Նա ընդգծել է, որ վրացական բոլոր այն ներդրումային ընկերությունները, որոնք մեր երկրի տարածքում կհանդիպեն մուտքի խոչընդոտների կամ մրցակցային այլ խնդիրների, լիարժեք աջակցություն կստանան ՀՀ Մրցակցային մարմնի կողմից՝ հասնելով հարցի արագ և արդյունավետ լուծման. «Եվ, բնականաբար, հակառակը, բավականին մեծ թվով ընկերություններ ունենք, որոնք ներկայացված են Վրաստանում, նրանց շահերը ևս կպաշտպանվի արդյունավետ կերպով»:
Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին իր խոսքում նշել է, որ այսօր ստորագրված հուշագիրը էլ ավելի կխորացնի և ամուր հիմքերի կդնի արդեն իսկ ձևավորված ամուր համագործակցությունը. «Մենք վստահ ենք, որ մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև այսօր ստորագրված հուշագիրը կնպաստեն տնտեսական մրցակցության բնագավառում համագործակցության էլ ավելի խորացմանը՝ համատեղ գործառույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման և շատ այլ առումներով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա