«Ռուսաստանը լկտիանում է»
Ռուսաստանում ստորագրահավաք են սկսել՝ հետխորհրդային տարածքում ֆաշիստներին աջակցողների հերոսացումն արգելելու համար: Ստորագրավաքին ավելի քան 200 հազար մարդ է միացել: Ռուսաստանի պետդումայի պատգամավորները, փորձագետներն ու իրավաբանները աշխատանքային խումբ են ձևավորել, որը պատրաստվում է հայց ներկայացնել ՄԱԿ-ի դատարան՝ նույն պահանջով: Աշխատանքային խմբի քննադատության թիրախում է հայտնվել նաև Հայաստանը՝ «ազգայնականներ Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հերոսացման համար»:
Հայաստանում ֆաշիզմի դրսևորումների դեմ պայքարն առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանն իր քաղաքականությամբ նախ Հայաստանում բորբոքեց հակառուսական տրամադրություններ, հիմա էլ իր երկրի ներսում հակահայկական տրամադրություններ է բորբոքում: Ըստ քաղաքագետի՝ երկու դեպքում էլ այդ տրամադրությունների գլխավոր պատասխանատուն Ռուսաստանի վարած քաղաքականությունն է:
«Ինչ վերաբերում է ֆաշիզմի դեմ պայքարին, ապա թերևս Ռուսաստանում էլ պետք է, որ լավ հիշեն, որ այդ պայքարում Հայաստանը թերևս առաջին հորիզոնականներում է զոհերի ու կորուստների առումով: Ուստի Հայաստանում արգելել ֆաշիզմի ծիլերը կամ դրա դրսևորումները, սա, թերևս, կներեք՝ առողջ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում»,- ասաց նա:
Սաֆարյանի խոսքով՝ որքան էլ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գործընկերային, ռազմավարական, բարեկամական կոչվեն, եթե անգամ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք նման բողոք են կազմակերպում, և դա տարածվում է նաև Հայաստանի վրա, ապա դրա մեջ միայն վատը չի տեսնում, լավ է, որ Ռուսաստանում ասում են՝ ինչ դուր չի գալիս իրենց, և շատ լավ կլինի, եթե Հայաստանը ինքն էլ հասարակության և պետության մակարդակով հստակ ձևակերպի, թե Ռուսաստանի գործընկերության մեջ իրեն ինչ դուր չի գալիս:
«Այս առումով դրական է և լավ է, որ երկու երկրների միջև երկխոսությունը բազմաձայն է ու չի սահմանափակվում միայն բաժակաճառերով: Այս առումով նորմալ պրոցես է. եթե խնդիրներ կան, դրանց մասին խոսվում է: Եթե ընդհանուր առմամբ նման հայց ներկայացվի և քննարկվի ՄԱԿ-ում, ապա թերևս Հայաստանը միանգամայն ազատ պետք է զգա իր պարզաբանումները ներկայացնելիս՝ որքան էլ որ դրա հեղինակը ռազմավարական գործընկեր հանրության ինչ-որ մի հատված է:
Պետք է ասեմ, սակայն. եթե չլիներ Գարեգին Նժդեհը և իր ռազմական սխրագործությունը՝ ռուս զինվորը կանգնած չէր լինի Իրանի սահմանին՝ Արաքսի ափերի վրա»,- ասաց նա: Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանն ինքն էլ պիտի Գարեգին Նժդեհին նվիրված արձան կանգնեցնի իր երկրում:
Ջղաձիգ հայտարարություններ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա հերթական միջամտությունը չէ այլ երկրների ներքին գործերին, պատասխանեց. «Միջամտությունը որն է, Ռուսաստանը Հայաստանին երբ է որպես անկախ երկիր նայել, որ միջամտի»:
Սարգսյանի համոզմամբ՝ սրանք նպատակային քայլեր են, հիմնականում նման բաներ են արվում՝ Ադրբեջանին, Թուրքիային շոյելու համար:
«Դա քաղաքականության մեջ անընդհատ գոյություն ունի, այս կամ այն ձևով քաղաքական ինչ-որ քայլեր են անում ցուցադրաբար, որ դա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում օգտագործեն: Դրանք նաև ներքին նշանակություն ունեցող քայլեր են՝ տարբեր նպատակներ ունեցող: Այս ամենը պետք է ինչ-որ ձևով դատապարտվի, պետք է թույլ չտալ՝ այսպես շարունակվի: Ջղաձիգ հայտարարություններ են անում, կայսրություն է, այսպես է պահում իրեն, ուստի քաղաքականություն է պետք վարել»։
Ըստ փորձագետի՝ սա հասարակական խնդիր է, սակայն եթե կարողանան այն ճիշտ ձևակերպել, կարող է լուրջ ազդեցություն ունենալ, ուստի պետք է դատապարտել այն, դրա մեջ քայքայիչ ինչ-որ բաներ կան: Իհարկե, այս գործընթացը կարող է և որևէ ազդեցություն չունենալ, սակայն հակառակն էլ չի բացառվում: Սարգսյանը կարծում է՝ նոտաներ պետք է հղվեն, նամակներ պիտի գրվեն, պաշտոնապես դատապարտվեն, ամեն ինչ էլ պիտի արվի:
«Ադրբեջանում ո՞նց է, ճանճ է թռչում, պետական մակարդակով արձագանքում են, թե սա Ադրբեջանի շահերի դեմ է, նվնվում են: Այսքան ժամանակ, որ Ռուսաստանը զենք է վաճառել, մենք մի անգամ խնդիր բարձրացրե՞լ ենք, որ պետք է հայ-ռուսական պայմանագրերը վերանայել, որովհետև պայմանագրերում Ռուսաստանը նման իրավունքներ չուներ: Բայց նման բան չի արվում: Նրանք էլ լկտիանում են էլի և օգտվում»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Ռուսաստանում նացիստական «Ռուսական մարշ»ից:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
- Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան