Հանրապետության ՔԿՀ-ներից լուրջ ահազանգեր ունենք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին:
«Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»,- հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստի ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՔԿՀ-ների բուժմիավորումների հետազոտության արդյունքում բազմաթիվ խախտումներ էին ի հայտ եկել:
«Խոսքը ժամկետանց, տնայնագործական պայմաններում պատրաստված դեղորայքի, բուժանձնակազմի որակավորման մասին է: Շատ դեպքերում բուժաշխատողների թվաքանակի պակասի պարագայում դատապարտյալները զբաղվում են ինքնաբուժությամբ:
Մենք այժմ մշակում ենք օրենքի նախագիծ, որպեսզի առողջապահական ծառայություններ մատուցողները ենթակա չլինեն քրեակատարողական վարչությանը: Այս իրավասությունները, ինչպես եվրոպական երկրներում, պետք է պատկանեն կամ առողջապահության կամ արդարադատության նախարարություններին: Մենք նախարարություններին կդիմենք մեր առաջարկներով»,- տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով, իրենք ահազանգեր ունեն առ այն, որ շատ բժիշկներ, կաշկանդվելով քրեակատարողական վարչության վերադասից, չեն ներկայացնում դատապարտյալի իրական առողջական վիճակը, որպեսզի վերջինս չտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա