KfW-ն Հայաստանին կտրամադրի 80 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ սա բյուջետային աջակցության վարկ է և համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է: Վարկի գումարը տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով:
«Վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է 2017 և 2018թթ. համար բյուջետային աջակցության վարկ՝ հիմնված բազմոլորտ քաղաքականության աղյուսակի վրա, ինչը միտված է Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը»,- նշեց Վարդան Արամյանը:
Համաձայնագրի համաձայն՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ (տրանշ 1-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 4 ամիս հետո, տրանշ 2-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 16 ամիս հետո), միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են 8,339,139.38 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան