Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն ահազանգում է, որ պարենային ապրանքների գների բարձրացումը բերելու բացասական հետևանքների՝ թերսնուցված երեխաների թիվն ավելանալու է, մարդկանց առողջական խնդիրներինը՝ նույնպես:
«Առանց այդ էլ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղն ավելի թանկ արժե՝ 57 հազար դրամ, քան նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամ: Սակայն նույնիսկ 57 հազար դրամը բավարար չէ այդ մթերքները ձեռք բերելու համար: Մեր երկրում զարգացած երկրներից թանկ վաճառվում է կարագ, միս: Այն դեպքում, երբ այդ երկրներում նվազագույն աշխատավարձը տասնապատիկ բարձր է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պարենային իրավունքի մասնագետը:
Նա ահազանգում է, որ Հայաստանում պարենային ապահովության ցուցանիշը շատ է նվազել: Ոչ մի առումով ինքնաբավություն չկա: Ուրիշ երկրում սննդամթերքի գինը բարձրանում է, Հայաստանում մարդիկ լուրջ խնդրի առաջ են կանգնում:
«Ո՞նց կարելի է ունենալ նախալեռնային շրջաններ, բայց կարագ չունենալ ու լրիվ կախված լինել արտասահմանյան կարագի գնից: Մարդը ստիպված է լինում 5 հազար դրամով կարագ առնել: Նույնը վերաբերում է մսամթերքին: Սնունդն այնքան է թանկացել, որ մարդը պատրաստ է ցածր գնով ամենաանորակ ապրանք առնել և ուտել»,-նշեց նա:
Պիպոյանի խոսքով, սնունդի թանկացման պայմաններում մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին:
«Առանց այդ էլ մեզ մոտ կան խմբեր, որոնք անհրաժեշտ 2000 կալորիայից 1500-ը հացից են ստանում: Իսկ դա միակողմանի սնուցում է: Թանկացման հետևանքով այս խնդիրը սրվելու է»,-ասաց մասնագետը:
Պիպոյանը հիշում է մի հետազոտություն «Աղքատությունը, երջանկությունը և պարենային ապրանքների գները» թեմայով: Մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ բոլոր այն երկրներում, որտեղ մարդիկ իրենց եկամուտի 25-30 տոկոսը ծախսում են սնունդ ձեռք բերելու համար, երջանիկ չեն կարող լինել:
«Ես հիմա ասում եմ, մեր տանը ամբողջ աշխատավարձը ծախսվում է միայն սնունդի և ջեռուցման համար: Հիմա մարդկանց ո՞նց մեղադրենք, որ անորակ, կոնսերվանտներով, բայց էժան սննդամթերք են գնում»,-նշեց նա:
Դավիթ Պիպոյանի խոսքով, պարենային ապահովության ու պարենային անվտանգության ոլորտում միտումները տարեցտարի բացասական են դառնում, իսկ պաշտոնյաների հայտարարություններն էլ խոսում են այն մասին, որ պետությունը դրանց ճիշտ հակառակ ուղղությամբ է շարժվում:
«Մեր երկրի պետական մարմինները պարենային ապահովության ռազմավարությանը հակասող հայտարարություններ են անում: Օրինակ, պարենային ապահովության եվրոպական ընդհանուր ագրարային քաղաքականությունը սահմանում է, որ պետք է բոլոր գյուղատնտեսական ապրանքների համար սահմանվի իրական գին հասկացություն: Իսկ Հայաստանի գյուղնախարարը հայտարարում է՝ շուկան է կարգավորում ամեն ինչ, թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը, շուկան կկարգավորի: Եթե նախարարը նման նման հայտարարություն է անում, ուրեմն պարենային ապահովությունից ոչինչ չի հասկանում: Դա նշանակում է, որ սեփականը չունես»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով, այսօր արտադրողների հիմնական արտադրանքն արտահանվում է, պաշտոնյաների հայտարարություններն էլ ոչ թե պարենային ապահովման մտահոգությամբ են պայմանավորված, այլ չինովնիկների ու նրանց ընտանիքների բիզնես պրոյեկտներով ու դրանց շահի սպասարկումով:
«Զարգացած երկրներում պարենային ապահովությունը դրված է փոքր և միջին ընտանեկան բիզնեսի ուսերին: Նրանց օգնում են, որպեսզի նա կարողանա արտադրել իր ընտանիքի համար անհրաժեշտ կաթը, կաթնամթերը, հացամթերքը: Իհարկե, բիզնեսը պետք է զարգանա, արտահանումը պետք է ավելանա, բայց պարենային ապահովության խնդիրը պետք է լուծեն փորք և միջին ֆերմերային տնտեսությունները»,-ասաց Պիպոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը
- Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Պետք չի խուճապի մատնվել. Իգնատի Առաքելյանը՝ մսի թանկացման մասին
- ԿԲ. Վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում
- «Կարագը վերջին 10 օրերին թանկացել է 30-35 տոկոսով, խոզի միսը՝ 20-25». «168 ժամ»
- Մսամթերքը թանկացել է. «Ժողովուրդ»
- Պարենային իրավունքի փորձագետ. Սովի գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Ոչխարի միսը թանկացել է, խոզինը՝ էժանացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան