Հայ-մոլդովական հարաբերություններում անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին. Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական ընդունելության արարողությունը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած գործընկերոջը՝ նշելով, որ վերջինս Մոլդովայի միակ և առաջին նախագահն է, որը այցելել է Հայաստան։
Երկրի ղեկավարը նկատեց՝ այս այցը խորհրդանշական է նաև նրանով, որ կայանում է հայ-մոլդովական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ժամանակահատվածում։ Սերժ Սարգսյանի խոսքով, երկու ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, ինչն էլ ընդգծում է երկկողմ հարաբերությունների խորությունը և երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքը։
ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ մոլդովացի գործընկերոջ հետ քննարկումներում հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական ոլորտի համագործակցության զարգացման հարցերին։ Նրա խոսքով, չնայած այն փաստին, որ 2017 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի և Մոլդովայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 33 տոկոսով, սակայն չպետք է բավարարվել այդ ցուցանիշով և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, նաև առավել մեծ ուշադրություն դարձնել բարձ տեխնոլոգիաների բնագավառին։
Ըստ այդմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ ուշ, քան հաջորդ տարի, միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել։
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մոլդովացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել նաև արտաքին քաղաքականության թեմային։
ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ բանակցություններում ևս մեկ անգամ անգամ վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, այն է, հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սերժ Սարգսյանը նաև նշեց՝ ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորածությունները կյանքի կոչելու կարևորությունը։
Ելույթի ավարտին ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի և Մոլդովայի միջև կապերն առավել ակտիվորեն կզարգանան։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման արարողությունը
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը