«Զինապարտության մասին» օրենքի քննարկումներում պոպուլիզմն ակնհայտորեն խեղդեց ողջամտությանը. «Առավոտ»
«Առավոտ»-ը վերլուծականում անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքի նախագծին՝ գրել է. «Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ պոպուլիզմն ակնհայտորեն խեղդեց ողջամտությանը և փաստարկները սկսեցին դառնալ խիստ անձնավորված և հանրային լայն շրջանակների համար ականջահաճո: Փաստացի օրինագծի բովանդակությունը մի կողմ թողած (հավանաբար բովանդակության դեմ լուրջ փաստարկներ չկան), խոսակցությունը հասավ բարոյախրատական ճառերին, թե ինչու այս կամ այն անձը բանակում չի ծառայել: Հասկանալի է, որ պատերազմի մեջ գտնվող երկրում, հատկապես քառօրյա պատերազմի էմոցիոնալ իներցիայի ազդեցության տակ «բա դու ինչի՞ չես ծառայել» տիպի հակափաստարկները խիստ ժողովրդական են հնչում:
…Ամբողջ խնդիրն այն է, որ դժվար է գտնել որևէ մեկին, առավել ևս պաշտոնատար անձ, ով իսկական զինծառայություն չի անցել՝ օրենքի կարգավորումներից դուրս: Իսկ եթե ժամանակին ցանկացած ոք տվյալ պահի օրենսդրության պահանջները պահպանելով չի ծառայել, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա խուսափել է զինծառայությունից՝ լինի իշխանավոր, թե ընդդիմադիր: Դա այլևս պատմություն է: Իսկ ահա առաջարկվող օրինագիծը վերաբերում է գալիքին: Փաստարկները պետք է հնչեն սպասվող զարգացումների համատեքստում, և թե ինչպես է եղել նախկինում, բացարձակապես կապ չունի: Անցյալին հղում անողները, հատկապես անտեղի, զբաղված են պոպուլիզմով, որը ժողովրդավարական գործընթացներում թեև կյանքի իրավունք ունի, բայց գերիշխող չպետք է դառնա:
…Նախօրեին մեկնարկած դասադուլի կազմակերպիչները՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները փաստացի հրաժարվեցին պաշտպանության նախարարի հետ հարցը քննարկելուց: Նրանց արդարացումը, թե նախարարի առաջարկած ձևաչափը լավը չէր, տեղին չէ: Մանավանդ որ, ընդամենը մեկ օր անց ընդունվեց կրթության և գիտության նախարարի հրավերը և ձևաչափի հարց չդրվեց: Ավելին՝ մինչ այս պահը պարզ չէ, թե ընդվզող երիտասարդները «տարկետումը լինելու ա» կոչի տակ ինչ նպատակ և իմաստ են դնում: Համալսարանը վաղուց ավարտած կամ նոր ընդունվել պատրաստվող անձի համար այնքան էլ հասկանալի չեն պահանջվող տարկետման իմաստն ու նպատակը: Հավանաբար, դա է պատճառը, որ բողոքի ակցիան սահմանափակվում է դասադուլով, որի մասնակիցներն առաջին տպավորությամբ, ոչ թե ուզում են լուծել ինչ-որ համակարգային խնդիր, այլ հավաքվել են հիմնականում՝ լսարան չգնալու համար, իսկ ոմանք էլ պարզապես առիթն օգտագործում են հանրային կյանքում իրացվելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա