Մի կտոր Հայաստան՝ ձաղիձորցի Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցում
Ծնունդով ձաղիձորցի Բոգդան Հովհաննիսյանը կյանքի մեծ մասը նվիրել է քանդակագործությանը: Իր մասին պատմում է կարճ՝ ծնվել է Ձաղիձորում, արդեն 60 տարի է՝ ապրում է Վանաձորում, պրոֆեսիոնալ քանդակագործ է, երեսուն տարի է՝ զբաղվում է խաչքարագործությամբ ու գեղանկարչությամբ, աշխատանքը համեմում է ազգային երգերով: Թաքուն հպարտությամբ ասում է՝ Լոռվա շրջանում երգերի ամենամեծ հավաքածուն իր մոտ է, այստեղի առաջին ազգագրական երգչախումբն ինքն է ստեղծել՝ 80-ականներին՝ զարթոնքի տարիներին՝ «Խորոտիկ», դրանից հետո՝ «Տաշիրք» անսամբլը:
Վերջին տարիներին քանդակագործն ինքնարտահայտման նոր միջոց է գտել՝ Գայանե Մանուչարյանի հետ նկարազարդում են հնեցված մագաղաթները, մանրանկարներ անում, որոնք լավ ընդունելություն են գտնում, իսկ վերջերս էլ արդեն «Նարեկ» գիրքը կազմում են հնեցված փայտով, որը հետաքրքրում է այցելուներին: Մասնագետները տեսնում են, հիանում ու գնում:
Արվեստանոցի հարևանությամբ ապրող մոտ 60 երեխա կա, քանդակագործը նրանց հրավիրում է արվեստանոց, այսինքն՝ արդեն չի էլ հրավիրում, իրենք գալիս են, ասում՝ «Բոգդան պապի, ի՞նչ քանդակենք»: «Կավը տալիս եմ, ասում՝ ինձ քանդակեք: Ասում են՝ բա ո՞նց քանդակենք: Սկիզբը դնում եմ, ասում եմ՝ այ էսպես, առանց վախի, փորձ արեք, մի բան ստեղծեք, հնարեք, միայն թե չվախենաք: Երեխու վախենալը ո՞րն է»,- ասում է նա:
Մի բան ինքն է անում, երկրորդ բանն աշակերտներն են ավելացնում: Մի բանում Բոգդան պապը վստահ է՝ եթե քանդակի վրա երկար աշխատեն՝ կփչացնեն: Ազատ աշխատելու համար համարձակություն է պետք: Հենց վախեցար՝ չի ստացվելու: Կյանքը, էներգիան սրա մեջ է: Քանդակների վրա երևում է երեխաներից յուրաքանչյուրի տրամադրությունը:
«Նա հո պրոֆեսիոնա՞լ չի, որ երկար աշխատի: Անում է, վերջացնում, ասում՝ Բոգդան պապի, վերջացրի: Թե սրա վերջացնելը ո՞րն է: Հլա նայի: Գունդ է դրել, ասում է՝ դու ես: Վերջ: Արժեքը հենց այդ է: Էներգիան մեջն է»,- նշում է քանդակագործը:
Քանդակագործի արվեստանոցի մուտքն ազդարարում են երկաթի կտորներից պատրաստված զանգերը: Դրանք տպավորել են արվեստանոցում հյուրընկալված ամերիկացիներին. Զանգերի շնորհիվ անձրևոտ, մռայլ օրվանից հետքեր չեն մնացել, հյուրերի տրամադրությունը փոխվել է: Իսկ երբ զանգերի հնչողությանը միացել են հայկական երգերի նուրբ հնչյունները՝ հյուրերը սկսել են ձայնակցել:
«Երկաթի կտորներ են, տարբեր երկարության, կապել եմ, ձայնը ախորժալուր է, Հայաստանում ցանկացած երկաթ օդում կախիր, զրնգացրու, սիրուն ձայն է հանում»,-ասում է քանդակագործը:
Հայաստանը Բոգդան պապի համար պարզապես ծննդավայր չէ: Նա իր կյանքը հայրենիքից դուրս չի էլ պատկերացնում: Այստեղ իրեն պահողը աշակերտներն են, ազգային երգերը, հուշերը, բնությունը, Դեբեդն ու Աղստևը:
«Ոչ մի դեպքում չեմ գնալու այստեղից: Ի՞նչ եմ գտնելու դրսում, հեռու տեղում տխուր վիճակ է, բոլորը փող են աշխատում ու վերջ: Ինչիս է պետք, էս 50 երեխուն թողնեմ գնամ: Էնքան լավն է կյանքը, էնքան եմ սիրում, էրնեկ նրան, ով շուտ կըհըսկանա դա»,- ասում է քանդակագործը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան