Երևանում կատարվել է փոքրիկ տղաների ակնային եզակի վիրահատություն
Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում կատարվել է եզակի ծավալով և բարդությամբ երկու փոքրիկ տղաների վիրահատություն. Անհրաժեշտ էր հեռացնել նրանց կատարակտը և ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին: Այս մասին հայտնում են Հայկական ակնաբուժության նախագծից։
«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին, - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը: - Մենք փորձում ենք ուղղել այդ խնդիրը, որպեսզի արդյունքում նրանք առողջ տեսողություն ունենքն»:
Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի և Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի և Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ չնայած վիրահատությունները բարդ և եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետևեն հեռաբժշկության համակարգով:
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, որ վիրահատության ընթացքին հետևել է հեռաբժշկության համակարգով, վիրահատությունից հետո ասել է. «Վիրահատությունը շատ լավ անցավ: Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաև դրա հետևի արտերիայի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում և կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության պոտենցյալ ունի»:
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերից մեկն է՝ ուղղված Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Այն իր աշխատանքներն իրականացնում է միջազգային հանրաճանաչ մասնագետների հետ գործակցությամբ: Նման բարդ վիրահատություններին պատրաստվելու համար անգամ ամենավարժ վիրաբույժները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, ինչն ապահովել է ՀԱՆ-ը: Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով և գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարածաշրջանի մի քանի երկրից:
Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման և բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010թ.-ին, իսկ 2014թ.-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: 2010թ.-ից մինչև 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային և ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ և հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:
«Ես շատ տպավորված եմ Հայաստանի բժիշկների հմտությունների զարգացման արդյունքներով, ովքեր վերապատրաստվել են՝ իրականացնելու այսպիսի բարդ վիրահատություն: Հրաշալի աշխատանք է՝ տպավորիչ արդյունքով»,- ասել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա