Թուրքիան կրճատում է ԵԽ-ին տրվող գումարը՝ նվազեցնելով ԵԽԽՎ-ում իր պատվիրակների թիվը
Եվրոպայի խորհրդի բյուջե տարեկան ավելի քան 20 մլն եվրո փոխանցելու` 2016թ.-ի Թուրքիայի որոշումը տևեց ընդամենը 2 տարի: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին տեղեկացրել է, որ Թուրքիան ԵԽ-ին տրամադրվող գումարը կնվազեցնի 8մլն եվրոյով ու կրկին կլինի 12մլն եվրո:
Նախօրեին Ստրասբուրգում Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ Յագլանդը հաստատել է, որ ստացել է նամակը ու, որ Թուրքիան այլևս չի ցանկանում լինել ԵԽ 6 գլխավոր դոնորներից մեկը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի ու Միացյալ Թագավորության հետ միասին:
Թուրքիայի նման որոշման արդյունքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը 18-ից կնվազի կրկին 12-ի ու թուրքերենը, որը ներառվել էր ԵԽԽՎ-ում թարգմանվող պաշտոնական լեզուների շարքում, այլևս չի լինի:
Յագլանդը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն ու ՄԻԵԴ-ը կարիք ունեն ամեն տեսակի ֆինանսական աջակցության:
Մեկ այլ հարցին, թե արդյո՞ք գումարի չափի նվազեցումը կարելի է դիտել որպես նշան, որ Թուրքիան չի ցանկանում այլևս իրականացնել ԵԽ-ի առաջ ստանձնած պարտականությունները՝ Յագլանդը պատասխանել է, որ նման տեղեկություններ չունի ու Թուրքիայի կառավարությունը պետք է բացատրություն տա:
Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցող բացասական զարգացումները քննադատության են արժանանում Եվրոպայի խորհրդի կողմից: ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևով Թուրքիան հետմոնիտորինգային գործընթացից վերադարձվեց մոնիտորինգի տակ: Թուրքիայում մեծ քննադատության արժանացավ նաև թուրք Մուրատ Արսլանին ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացնելը, որի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ սխալ ու անընդունելի է մարդու իրավունքների Վացլավ Հավելի մրցանակը տալ մի մարդու, ով FETO-ի՝ «Գյուլենական ահաբեկչական կազմակերպության» անդամ է, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հեղինակ։
Նշենք, որ ներկայումս Եվրոպայի խորհուրդը գտնվում է, կարելի է ասել, ֆինանսական ճգնաժամի մեջ, քանի որ խոշոր դոնորներից ևս մեկը՝ Ռուսաստանը, հրաժարվում է ԵԽ բյուջե փոխանցել 2017թ.-ի անդամավճարի մի մասը, որը կազմում է մոտ 11մլն եվրո՝ մինչև ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ամբողջական ու առանց նախապայմանների իրավունքների վերականգնումը, որից նրանք զրկվել են 2014թ․-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա