Դեկտեմբերից 13 տարեկան 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսային վարակի դեմ
Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել 13 տարեկան 16 հազար աղջիկ:
Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250-300 նոր դեպք, իսկ տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում են միջինում 100-130 կին: Միայն 2015 թվականին արձանագրվել է մահվան 127 դեպք, 2016 թ-ին՝ 116 մահվան դեպք»,- ասաց նախարարը:
Նշվեց նաև, որ միայն 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 257 նոր դեպք (100000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4), որոնցից 153-ը՝ (59.5% ) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016 թվականին գրանցվել է 243 նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5): Սա նշանակում է, որ մեր երկրում հիվանդության դեպքերը հայտնաբերվում են շատ ուշացած փուլերում, որի արդյունքում մահացությունը բավականին բարձր է։
Լևոն Ալթունյանի խոսքով՝ ՄՊՊ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում:
Նշվեց նաև, որ ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է 32400 դոզա «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութ: Համաձայն Գավի կազմակերպության և արտադրող ընկերությունների հետ ձեռքբերված երկարաժամկետ պայմանավորվածության՝ Հայաստանը պատվաստանյութը գնելու է անհամեմատ ցածր գներով՝ 1 դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Պատասխանատու կառույցների հետ կքննարկվեն մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ներդրման միջոցառումները
- Լևոն Ալթունյանը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին
- Ազգային խորհրդակցություն՝ նվիրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման
- Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը ձեռք է բերվելու մատչելի գնով. ԱՀԿ ներկայացուցիչ
- Աշխարհը գնացել է այս ճանապարհով. Փոխնախարարը՝ պապիլոմա վիրուսի պատվաստման մասին
- Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ
- Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան