Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող` Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, շարունակում է գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվել է 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785մ երկարությամբ տարածք: Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն և գյուղապետարան տանող ճանապարհները։
Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:
Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները:
«Համայնքների զարգացումը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ մեզ համար: Տարիների մեր գործակցության շրջանակում այդ ուղղությունը եղել ու մնում է թիրախավորված: Այս ծրագրերի հիմքում ոչ թե կարճաժամկետ աջակցությունն է, այլ գյուղն ու հողի մշակին երկրում ամուր պահելը: Իրականացված աշխատանքի ծավալն ու ներդրված գումարի չափը կարևոր բաղադրիչներ են, սակայն կա ավելի կարևոր նպատակ. լավ արարքներն ընդօրինակվելու սովորություն կարող են դառնալ: Գուցե դրա համար ժամանակ ու կամք է հարկավոր, բայց վստահ եմ, որ վաղվա սերունդը գնալու է այդ ճանապարհով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան