Մի վարտիք հագցրեք տնտեսությանը
Հրաշքի պես բան է:
Պետությունը չի կարողանում մանկապարտեզատարիք երեխաներին տեղավորել մանկապարտեզներում՝ արդեն ծնողները երեխաներին նույնիսկ հերթ չեն կանգնեցնում, որովհետև հաշվարկում են, որ մինչև ժամանակ գա, միանգամից դպրոց կտանեն: Թե ինչպես են «տեղավորում» ծնողները իրենց երեխաներին՝ այդ ձևին նվիրված վարկեր է, որ կարելի է բերել՝ «Ինչպես արմատահան անել կոռուպցիան» գլխագրով:
Ու ասենք, որ «տեղավորվածներն» էլ չեն տեղավորվում խմբում՝ հիսուն երեխա ուր խցկես, որ նորմալ լինի:
Շենքերը ժամանակին այսօրվա դպրոցների պես «օպտիմալացրեցին»՝ վարի տվեցին, թե վայրի… արդեն ոչ ոք չի հիշում: Իսկ հիմա ֆինանսներ չկան, որ դրանք հետ վերցնեն, կամ նորերը հատկացնեն: Մի խոսքով՝ ֆինանս չկա, իսկ մանկապարտեզի հերթի՝ մի շքերթ երեխա:
Ու հանկարծ աջ ձեռքը, առանց նայելու, թե ինչ լաց է լացում ձախը, որոշում է դայակների հարց լուծել: Ամեն՝ մինչև երկու տարեկան երեխայի դայակի հոգսը կիսել ծնողի հետ, վճարել ամսական 55 հազար դրամ:
Լավ է իհարկե, շատ մայրեր ու հայրեր կուրախանան: Ես էլ եմ ուրախ, հարց չկա ուրախանալու մեջ: Նույնիսկ կառաջարկեմ, որ այն մամաները, ովքեր գործազուրկ են ու աշխատանք չեն գտնում, զույգ-զույգ պայմանավորվեն ու իրար երեխաների դայակ աշխատեն: 55 հազար գոնե կունենան:
Բայց լավ, եթե ասենք մսուրներ լինեին ո՝ւ քիչ երեխաների խմբերով, ինչքա՞ն կնստեր ծախսը պետության վրա: Չկա հաշվարկ:
Գուցե դա ավելի՞ ձեռնտու էր:
Իսկ քանի աշխատազուրկ ծնող կա՝ մինչև երկու տարեկան երեխայով: Չկա հաշվարկ:
Իսկ քանի մինչև երկու տարեկան երեխա կա, ում մեծ քույրը ու/կամ եղբայրը մանկապարտեզի հերթի են սպասում՝ իհարկե չկա հաշվարկ:
Ու որ դայակը պահի փոքրին, էլի չեղա՞վ, որ մեծը գնալու տեղ չունի:
Իսկ քանի…
Այն տպավորությունն է, որ պաշտոնյա այրերը հանկարծ լոկալ բացահայտումներ են անում ու որոշում են հենց այդ մի՝ իրենց տեսած ծակը կարկատել՝ առանց կապերը քննելու, առանց ընդհանրացումների, առանց անհատացումների, առանց ռացիոնալիզմի:
Սա չեղավ տնտեսություն վարել, սա եղավ անվարտիք բաբոյի վարտիքը կարկատելու ցանկություն ընդամենը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան