Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել են 32-ամյա կնոջ ծննդաբերությունն ընդունած և դրան հաջորդող ժամանակահատվածում նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը կազմակերպելու համար պատասխանատու անձանց շրջանակը։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մասնավորապես՝ վերջինս ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում` հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:50-ից սկսած, ծննդկանի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով արգանդային արյունահոսության շարունակման պայմաններում, պատռվածքի վերականգնման միաժամանակ հեշտոցային և որովայնային հասանելիությունն ապահովելու նպատակով կատարելու որովայնահատում, իսկ արյունահոսության շարունակման դեպքում՝ անցնելու նաև հետագա վիրահատական միջամտությունների, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք և չի իրականացրել անհրաժեշտ բժշկական միջոցառումները, որի պայմաններում ծննդկանի մոտ զարգացել է հեմոռագիկ շոկ՝ պատճառ դառնալով հիվանդի մահվան։
Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Հարակից հրապարակումներ`
- 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները
- Վանաձորի ծննդատանը կնոջ մահվան դեպքի կապակցությամբ նոր փորձաքննություն է նշանակվել
- Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ
- Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան