«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ». Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել իսրայելական i24 news հեռուստաալիքին։ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռուստաալիքի լրագրողի դիտարկմանը, թե շատ հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել, Նալբանդյանը պատասխանել է. «Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում ՀՀ դեսպան, ուստի սա իմ առաջին այցելությունը չէ Իսրայել։ Մշտապես ուրախ եմ վերադառնալ Երուսաղեմ:
Այս այցելությունն իրականացնում եմ վարաչպետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Կարճ, բայց բավականին հագեցած այց էր: Հանդիպումներ ունեցա վարչապետ Բենիամին Նեթանյահուի, տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի, Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնի, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի հետ, ով նաև Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է:
Հնարավորություն ունեցա հանդիպելու Հայոց պատրիարքի հետ: Մենք ունենք բազմադարյա կարևոր հայկական ներկայություն Երուսաղեմում: Ինչպես միշտ, օգտվելով առիթից, այցելեցի Յադ Վաշեմ և հարգանքի տուրք մատուցեցի Հոլոքոսթի զոհերի հիշատակին:
Ինչպես նշեցի, սա իմ առաջին այցելությունը չէր Յադ Վաշեմ: Յադ Վաշեմը Երուսաղեմում և Ծիծեռնակաբերդը Երևանում կոչ են անում են մեզ բոլորիս՝ հատկապես հայ ու հրեա ժողովրդին, որոնք վերապրել են ցեղասպանության սարսափները, որ մենք բարոյական պարտավորություն ունենք համախմբելու մեր ջանքերը` պայքարելու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների դեմ»։
Լրագրողի հարցին, թե «ինչպիսին են ակնկալիքներն Իսրայելից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Արդյոք առկա իրավիճակը բավարար է գնահատում: Արդյոք այդ հարցը ներառված է եղել Իսրայելում կայացած Ձեր հանդիպումների օրակարգում», արտգործնախարարը պատասխանել է. «Դա եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Ինչպես ասացի, երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ»:
Ի պատասխան հարցին, թե որո՞նք են սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել»։
Հարցազրույցն ամբողջությամբ ԱԳՆ պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին