Ամեն ինչ մնաց անցյալում, նոր օր է բացվում. Հովհաննես Պողոսյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի թիվ 339 հիվանդասենյակում հեռախոսի զանգերը չեն դադարում:
«Հովոս արդեն լավ է, փառք Աստծո, խոսում է, կատակներ անում». տիկին Գայանեն է, Հովհաննես Պողոսյանի մայրը, որն արդեն 10 օր է պատասխանում է չդադարող զանգերին, առանց զլանալու բոլորին պատմում որդու առողջության, վիրահատությունից հետո ապաքինման մասին:
«Հովիկիս մասին են հարցնում, ուզում են իմանան՝ վիրահատությունից հետո ո՞նց է իրեն զգում: Ծանոթ-անծանոթ ուղղակի մտնում են սենյակ՝ իմանալու, թե տղաս ոնց է»,- ավելացնում է նա ու հավելում, որ տղան ջերմությամբ ու հոգատարությամբ է շրջապատված հիվանդանոցի բոլոր աշխատողների կողմից:
Այդ պահին հիվանդասենյակ է մտնում հիվանդանոցի կաթսայատան աշխատողը ՝ Սամվել Ալոյանը:
«Բոլոր զինվորները մեր երեխաներն են, մենք բոլորի մասին պետք է հոգ տանենք»,- ասում է Սամվելն ու ջերմ խոսքեր ասելուց հետո ձեռքի շոկոլադը դնում սեղանին ու գնում իր աշխատանքին:
Հովհաննեսն էլ հյուրերին դիմավորում ու ճանապարհում է ժպիտով ու բոլորին վստահեցնում, որ ինքը դեռ շատ հաղթանակներ է ունենալու:
Արցախում 1,5 տարի առաջ գլխի վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերականգնվում է գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատությունից հետո:
Վիրահատությունը կատարվել է նոյեմբերի 1-ին: Ամիսներ առաջ կատարվել էր Հովհաննեսի գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պրոթեզավորումը կատարելու համար ստանային գլխի ձևաչափը: Իմպլանտը պատրաստվել է Գերմանիայում:
Վիրահատող բժիշկ, «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Արման Հակոբյանը նշում է, որ վիրահատության նպատակն էր՝ վերականգնել գանգի ոսկորների ամբողջականությունը:
«Դա ուներ և կոսմետիկ նշանակություն, և դրանով նաև կանխարգելում էինք հնարավոր բարդությունները: Եթե գլխի այդ հատվածում չկա ոսկոր և ուղեղը գտնվում է անմիջապես մաշկի տակ, դա շատ վտանգավոր է, մենք վերացրել ենք այդ վտանգը: Իսկ ինչ վերաբերում է ձեռքի, ոտքի շարժումներին, դրանց վերականգնման համար ժամանակ է պետք և մասնագիտական բուժում»,- ասում է նա:
Բժիշկ Հակոբյանը Հովհաննեսի վիճակը նորմալ է գնահատում, թեև դեռ անելիքներ կան, սակայն արդեն դրական տեղաշարժ կա. «Ունեինք մտահոգություն, որ տեղադրված իմպլանտն օրգանիզմը չընդուներ, բայց այդ վտանգավոր շրջանն անցել ենք: Եւս մեկ շաբաթ և կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ է: Իր անկոտրում կամքի, ամուր բնավորության շնորհիվ է, որ այսօր այս արդյունքն ունենք»:
Վիրաբույժը գանգուղեղային տասնյակ վիրահատություններ է արել, սակայն այս վնասվածքի մեծությունը եզակի է:
«Նման մեծությամբ ոսկրային դեֆեկտի 3D մոդելավորմամբ պրոթեզավորում առաջին անգամ է կատարվել Հայաստանում: Հովհաննեսի գանգոսկրին համապատասխան 3D մոդելավորմամբ թիթեղը պատրաստվել է արտասահմանում: Եթե նման մոդելավորված թիթեղ չլիներ, ապա հնարավոր չէր լինի գլխի դեֆեկտը փակել»,- ասում է Արման Հակոբյանը:
Վեց ժամ տևած վիրահատության ժամանակ Հովհաննեսի մայրը միայն աղոթել է, որ տղան նորից կոմայի մեջ չընկնի: Բժիշկը մորը խոսք էր տվել՝ «Հովհաննեսին ոնց տվել եք ինձ, ապա այդպես էլ կստանաք»:
«Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող անցավ, Հովհաննեսն արթնացել է ու սկսել խոսել բժիշկների հետ: Ես չեմ կարողանում ուղղակի խոսքերով ասել, թե ինչ էի զգում այդ պահին: Շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ Արման Պարգևիչին»:
Տիկին Գայանեի խոսքով՝ որդու հիշողությունը դանդաղ, բայց վերականգնվում է: Եթե մինչև վիրահատությունը կցկտուր էր խոսում, բառերն աղավաղված ասում, հիմա արդեն պարզ արտաբերում է:
Մայրն ի սկզբանե հավատում էր, որ որդին դուրս է գալու այդ վիճակից:
«Վիրավորվելու պահից զգացել եմ ամեն ինչ, չգիտեմ Աստված ինչ ուժ տվեց ինձ»,- ասում է տիկին Գայանեն:
Հովհաննեսն էլ ավելացնում է. «Ամեն ինչ անցավ, մնաց անցյալում, նոր օր է բացվում»:
Նրան այցելել են ինչպես ապրիլյան պատերազմում, այնպես էլ տարբեր տարիներին ծառայության ժամանակ վիրավորված տղաները:
«Հովիկը բոլոր վիրավոր տղաների հետ ընկերություն է անում, հատկապես՝ իրենից տարիքով տղաների: Լավ ընկերներ է ձեռք բերել, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված բոլոր տղաները, կարծես, ընտրովի լինեն: Բոլորն էլ յուրահատուկ, թասիբով, հայրենասեր տղաներ են»,- ասում է տիկին Գայանեն:
Մինչ բանակ զորակոչվելը՝ Հովհաննեսն ընդունվել էր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը: Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը, բայց 2016թ. մայիսի 13-ը ճակատագրական եղավ նրա համար: Այսօր Հովհաննեսը ոչ միայն մտածում է ուսումը շարունակելու, այլև բիզնես ունենալու մասին:
«Փոքրիկ բիզնես եմ ուզում ունենալ, որ փող աշխատեմ»,- կատակով ավելացնում է նա:
Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Սա Հովհաննեսի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ վիրավորում ստանալուց հետո նորից, կամավոր, դիրքեր էր բարձրացրել:
Հովհաննեսը 28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում: Նշենք, որ բժիշկները Հովհաննեսին ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել: Մինչև այս Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է ունեցել՝ մեկը Արցախում, երկուսը՝ Երևանում։
Հարակից հրապարակումներ`
- 2016 թ-ին Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանը գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության է ենթարկվել
- «Աղոթում եմ` այդ մի քանի ժամն էլ դիմանա». Հովհաննես Պողոսյանը գլխի պլաստիկ վիրահատության կենթարկվի
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանի գլխի պլաստիկ վիրահատության համար գանգի եռաչափ մոդելավորում է կատարվել
- Կենաց-մահու պայքարում հաղթած Հովհաննես Պողոսյանը պատրաստվում է նոր վիրահատության
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան