Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը. Բաբլոյան
«Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը և երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմիի հետ հանդիպմանը։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տեղական ժողովրդավարության գործում կարևոր է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների Գործողությունների ծրագրի դերակատարությունը, որով մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի համայնքների միության կարողությունների զարգացմանը և տեղական ինքնակառավարման իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերի բարելավմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք եղել են ժողովրդավարական և մրցակցային, առանց լուրջ արձանագրված խնդիրների. դրանց հիմքում եղել է գաղափարների և ծրագրերի պայքարը:
Անդրադառնալով Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տալիս ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներում:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ հետևելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ծանոթ է խնդիրներին և ուրախ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությանը և նրա առաջարկություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան