Հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնելիս երրորդ կողմի գործոնը չպետք է դիտարկել. արաբագետ
Թե հայ-իսրայելական հարաբերությունների վրա ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած վերջին այցը, ժամանակի հարց է։ Իրականում այցի ազդեցության շուրջ տեսակետները տարբեր են։ Պարզելու՝ այս հարցի շուրջ ինչ դիտարկումներ ունի արաբագետ Արմեն Պետրոսյանը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
Panorama.am- Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կերպ կանդրադառնա հայ-իսրայելական հարաբերությունների վրա ՀՀ արտգործնախարար Էդվաևդ Նալբանդյանի այցն Իսրայել։ Հնարավոր ի՞նչ զարգացումներ արժե սպասել։
Պատասխան- Եթե այցը դիտարկենք երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, ապա անշուշտ դրական տեղաշարժեր կլինեն։ Ընթացիկ տարում նախարարների մակարդակով երկու փոխայցելություններ տեղի ունեցավ, ինչը երկկողմ հարաբերությունների առումով բավական կարևոր իրողություն էր։ Նման աշխուժություն վերջին 25 տարիների ընթացքում չի արձանագրվել։
Որպեսի ՀՀ արտգործնախարարի այցն արդյունքներ և զարգացումներ ունենա, պետք է երկկողմ ցանկություն և այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք։ Հատկապես Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականության պարագայում հնարավոր է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Panorama.am- Բոլորովին վերջերս Երուսաղեմում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հանդիպումն Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինի հետ։ Ազնավուրը վերջինիցս հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքն էլ տառապել է նացիստական ռեժիմից։ Ի՞նչ եք կարծում, նման զգայուն թեմա շոշափելիս ո՞ւմ խոսքն է առավել ազդեցիկ՝ մշակութային գործչի, թե քաղաքական շրջանակների ներկայացուցիչների։
Պատասխան- Կարծում եմ՝ զուգահեռներ տանելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև մի կողմից խոսքը միջպետական հարաբերությունների և ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուներից մեկի մասին է, մյուս կողմից՝ աշխարհահռչակ շանսոնյեի։ Նրա խոսքի մանևրի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Բնական է, որ բարձրաստիճան հայ պաշտոնյան նման պարզ հարցադրմամբ հանդես չէր գա։ Մյուս կողմից, Շառլ Ազնավուրը նման հարցադրմամբ հանդես է եկել Իսրայելի նախագահի առջև, իսկ ՀՀ արտգործնախարարը հանդիպել է իր գործընկերոջ և երկրի վարչապետի հետ։ Այս պարագայում նման բարդ հարցադրումը, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ։
Panorama.am- Իսրայելը Հայաստանի հետ հարաբերություններում մշտապես երկակի քաղաքականություն է վարում, հայտարարում է, որ պետք է առավել սրտացնի հարաբերությունները։ Մյուս կողմից շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել։ Ո՞ւր կարող է տանել այս երկակիությունը։
Պատասխան- Եթե մենք խոսում ենք հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մասին, պետք է օրակարգի առաջնային հարցերից հանենք այնպիսի խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հարաբերությունների զարգացմանը, դժվարացնել մերձեցման ընթացքը։ Խոսքը, օրինակ, Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների մասին է։ Սա հարց է, որը եթե ի սկզբանե դառնա օրակարգի առաջնային բաղադրիչ, կարող է հետագայում խոչընդոտներ առաջացնել երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ՝ պետք է հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնենք՝ հաշվի առնելով բացառապես երկու երկրների շահերը՝ չդիտարկելով երրորդ կողմի գործոնը։
Իրականում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները և տնտեսական, և քաղաքական առումներով շատ կարևոր են երկու երկրների համար։ Ադրբեջանն Իսրայելի համար շատ կարևոր դերակատար է մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ Իսրայելի ռազմական կարևորագույն հաճախորդն է։ Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր է որպես նավթի մատակարար։ Այդ երկիրը կարևորություն ներկայացնում է նաև որպես մահմեդական երկիր՝ քաղաքական հարաբերությունների տեսանկյունից՝ արաբամուսուլմանական շրջափակումը ճեղքելու առումով։ Այսնինք՝ ամեն առումով Ադրբեջանն Իսրայելի համար բավական կարևոր դերակատար է, և չպետք է կշեռքի նժարին դնել Հայաստանի դերը։ Ներկա իրողությունների պայմաններում հայ-իսրայելական հարաբերությունները հաստատ Հայաստանի օգտին չեն։ Որպեսզի ինչ-որ ազդեցություն ունենանք այդ հարաբերությունների վրա, պետք է նախևառաջ զարգացնենք Հայաստան-Իսրայել երկկողմ հարաբերությունները։
Panorama.am- Պարոն Պետրոսյան, իսկ ի՞նչ կերպ կարող են ազդել Հայաստանի վրա թուրք-իսրայելական փոփոխական հարաբերությունները։
Պատասխան- Որևէ կերպ ազդեցություն ունենալ չեն կարող։ Եթե Հայաստանը նպատակահարմար է գտնում հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ, պետքէ առավել նախաձեռնող և հեռևողական լինի։
Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերություններին, ապա անցյալ տարի տեղի ունեցավ երկկողմ տևական հիմնախնդրի հանգուցալուծումը։ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին փոքր առ փոքր կարգավորվել։ Բայց սա ուղղակի արտաքին տեսանկյունից։ Այս հակամարտությունն ավելի շատ հռետորաբանության հարթությունում էր, մասամբ նաև՝ տնտեսական հարթությունում։ Իսկ բովանդակային առումով որոշակի հարաբերություններ պահպանվել էին։ Բայց անգամ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան պաղեստինյան հիմնահարցում հաճախ հակաիսրայելական դիրքորոշում էր ցուցաբերում։ Թեպետ 2016 թվականից թուրք-իսրայլական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այնուամենայնիվ, դրանք բովանդակային առումով այն չեն ինչ կային 2008-2010 թվականներին։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին. Ցախի Հանեգբի
- Փորձագետ. Նալբանդյանի այցն Իսրայել որակապես նոր փուլ կարող են բերել հայ-իսրայելական հարաբերությունները
- Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իսրայել
- Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին