«Դոմինանտ մշակույթը մեր բուհերում շարունակում է մնալ հարմարվողականությունը». քննարկում
«Կրթական համակարգում մենք ունենք կուսակցականացման և քաղաքականացման խնդիր, ինչը շատ խանգարում է բուհերին՝ զարգացման հարցում։ Այդ խնդիրն ավելի սուր ձևով ունենք նաև դպրոցներում»,- այսօր «Կրթական ճգնաժամ. բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կրթական համակարգին ազատություն է պետք՝ բավարարելու համար այն դժվարին պահանջները, որոնց առջև այսօր համակարգը կանգնած է։
«Եթե դասախոսը ազատամիտ չէ, դա զգում են աշակերտներն ու ուսանողները: Տարկետման վերացման իրավունքի մասին քննարկումների ժամանակ վերջին օրերին ԵՊՀ-ն հայտնվեց թիրախում, բայց եկեք օբյեկտիվ լինենք. կա արդյոք Հայաստանում մեկ այլ բուհ, որտեղ գոնե տարակարծություններ կան: Համալսարանում մի քանի դեկան ու դասախոս դեմ են տարկետման իրավունքի վերացմանը, և նրանք իրենց կարծիքն անարգել արտահայտում են», - նշեց Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դոմինանտ մշակույթը մեր բուհերում, ինչպես նաև ԵՊՀ-ում, շարունակում է մնալ հարմարվողականությունը. «Այն մարդիկ, ովքեր դեմ կամ ազատ են խոսում, փոքրամասնության մեջ են»։
ԵՊՀ դասախոս, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ շատ քիչ դասախոսներ են դնում ակադեմիական ազատության հարցը։
«Եթե դասախոսները ազատ չեն կամ ազատ լինելու ցանկություն չունեն, ապա մյուս շերտերից շատ քիչ բան է պետք պահանջել»,- ասաց նա։
ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ ակադեմիական բուհերի ազատությունը մեր երկրում իր դասական առումով, եթե զրո չէ, ապա զրոյից շատ քիչ է բարձր։
«Մենք քիչ թե շատ ազատ ենք և անկախ մեր կարծիքներում՝ շնորհիվ մեր քաղաքացիական դիրքի տեսանելիության։ Կա ընդամենը մեկ պարզ միջոց՝ որքան բաց լինես, որքան համարձակ արտահայտես քո կարծիքը, այնքան պաշտպանված կլինես»։
Ինչ վերաբերում է քաղաքականացված լինելուն դասախոսը նշեց, որ չի համարում, թե մեր բուհերը քաղաքականացված են. «Այն ազդեցությունը, որն այսօր իշխանությունն ունի բուհերի վրա դասական իմաստով քաղաքական չես կարող անվանել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները