«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են իրականացվել: Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:
Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, և կվերաբացվի մրցույթին ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտևի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձևավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: