Հայտարարվեց էներգետիկայի ոլորտում 1 մլրդ դոլարի ներդրման մասին
«Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտարարվեց այսօր Երևանում «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կազմակերպած միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ և գործարարներ:
Միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ծրագրի ամենակարևոր ուղերձն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:
ՀՀ կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը:
ՀՀ կառավարության և Ֆոնդի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, Մշակող արդյունաբերության զարգացումը: