Ախալքալաքի նորընտիր քաղաքապետը խոստանում է բաց աշխատել
Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Յուրիկ Ունանյանն անցել է իր լիազորությունների կատարմանը: Panorama.am-ի հետ զրույցում Ունանյանը նշեց, որ առաջին աշխատանքային օրը փորձում է հստակություն մտցնել ծրագրերում։
«Ընդհանուր ծրագրեր կան, պիտի կոնկրետանանք ու տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Առաջնահերթ մեծ պրոբլեմ կա՝ կապված խմելու ջրի հետ, այդ հարցը պիտի լուծվի, ճանապարհաշինարարությունը ևս կարևոր խնդիր է, այդ աշխատանքը պիտի անպայման շարունակենք, մեծ ուշադրություն պիտի դարձնենք դպրոցներին: Դա կոնկրետ իմ իրավասության մեջ չի մտնում, բայց պիտի համապատասխան նախարարություններին անհանգստացնենք, որ դպրոցներին ուշադրություն դարձնեն՝ դպրոցներում էլ կատարվեն վերանորոգման աշխատանքներ»,- ասաց նա:
Ունանյանը նշեց, որ ծրագրերն ու խնդիրները շատ են, պիտի կամաց-կամաց հունի մեջ մտնեն, կարողանան աշխատել: Ամենաակտուալ հարցերից նորընտիր քաղաքապետն առանձնացրեց սոցիալական պայմանների բարելավման հարցը:
Ունանյանի խոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի նախարարություններն իրար հետ պիտի սերտ կապ պահպանեն, կարևոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն նախարարությունների, քան թե Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: Նորընտիր քաղաքապետն առաջին աշխատանքային օրը խոստացավ աշխատել բաց, ականջալուր լինել իր քաղաքացիների խնդիրներին: Հարցին՝ քաղաքացիները կարո՞ղ են իրենց հուզող խնդիրներով դիմել քաղաքապետին, նա պատասխանեց. «Իհարկե, ինչի մասին է խոսքը, անպատճառ: Իրենք իրավունք ունեն, մենք էլ պարտավոր ենք ընդունել, լսել, էլ չեմ ասում՝ հնարավորին չափ օգնել նրանց, լուծել իրենց առաջ ծագած խնդիրները»: