Այսօր բացված նորարարական կենտրոնը միայն որակի բարելավում կապահովի. Ոստանիկ Մարուխյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր բացված նորարարական կենտրոնը ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին հնարավորություն կտա իրենց հմտություններն էլ զարգացնել էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում, ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնը ստեղծվել է «Կասկադ» հոլդինգի կողմից։
ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը բացման հանդիսավոր արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին. «Այստեղ տեղադրված են այն սարքավորումները, որոնցով մի քանի ամիս հետո կհագեցվի նաև մեր էլեկտրական ցանցերը, այսինքն ապագա մասնագետն իր ուսանողական տարիներին՝ բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակներում կոնկրետ տեղակայանքների վրա կանցնի իր ուսուցումը։ Կենտրոնը հագեցված է նաև համակարգչային բարձր տեխնիկայով։ Այն մոդուլները և այն ծրագրերը, որոնք մշակված են համագործակցող կողմերի կողմից, միայն և միայն որակի բարելավում կապահովեն»։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ հավելեց, որ ի վերջո Հայաստանում տեղի է ունենում երկու ուղղությամբ գործընթաց, որի կենտրոնում ուսանողն է և համալսարանը. «Այդ ուղղություններից մեկը դեպի գիտություն է տանում, մյուսը՝ բիզնես։ Սա լավ փորձ է, երբ բիզնեսը մտնում է համալսարան, դնում է իր պատվերը, ձևավորում է համապատասխան պայմաններ, իսկ արդյունքում էլ ուսանողները գիտեն, որ ավարտելուց հետո ունեն աշխատանք»։
«Ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է մեր ոլորտի համար։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ կստեղծվեն արդեն կայացած աշխատակիցների համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ հանդիսավոր արարողությունից հետո 2016-17 թվականների արդյունքներով «Տաշիր» ընկերության կողմից կրթաթոշակներ տրամադրվեցին գերազանցությամբ սովորող 55 ուսանողի, որոնք այս տարվա սեպտեմբերից տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով ուսանողական պարգև են ստանալու։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային չափանիշներին հարիր կրթագիտական միավոր է սկսում իր գործունեությունը մեր համալսարանում. Ո. Մարուխյան
- Նախագահը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները