Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում
ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությանը շուտով կտպագրվի Հայատանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղևորվել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։
Թումո կենտրոնից հայտնում են, որ գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Թումո Երևանում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են մի խումբ Թումո ուսանողներ։
Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է։