ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:
Ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը:
Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականեր է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը:
Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը հիմք կհանդիսանան հաջորդ տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախատեսվող՝ իրացվող պտուղ-բանջարեղենի շուկայում լայնածավալ մոնիտորինգային ծրագրերն իրագործելիս առավել խոցելի ուղղությունները թիրախավորելու համար: Այդ շրջանակներում կկատարվի ավելի քան 500 նմուշի փորձաքննություն՝ պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային նյութերի և ԳՁՕ-երի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում Հայաստանից ներմուծված վարակված լոլիկը ոչնչացնելու են
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
- Կոյուղաջրով ոռոգումը գերբացասական ազդեցություն է թողնում պտուղ-բանջարեղենի անվտանգության վրա. Պիպոյան
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
- Ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ մաքսային տեսուչներին մեղադրանք է առաջադրվել