Փոխնախարար. Արցախում աշնանացանի այս տարվա ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա արդյունքները
Նոյեմբերի 8-ի դրությամբ, Արցախում այս տարի կատարվել է 52 հազար 736.8 հեկտար հերկ և ցանվել՝ 38 հազար 633 հա աշնանացան հացահատիկ, որոնք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են համապատասխանաբար` 63.4 տոկոսով և 4.4 անգամ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Վիլեն Ավետիսյանը և տեղեկացրել, որ կատարված ցանքսից 22 հազար 521 հա-ում ցորեն է ցանվել, իսկ 16 հազար 112 հա-ում՝ գարի:
Խոսելով նախորդ տարվա համեմատ այս տարվա աշնանացան հերկի և ցանքսի աճի մասին՝ Վ. Ավետիսյանը նշել է, որ հիմնական շարժառիթը հողօգտագործողների շրջանում գյուղնախարարության կատարած հետևողական աշխատանքներն են և, իհարկե, կազմակերպչական հարցերի ժամանակին կարգավորումը:
«Այս տարի մեր հիմնական հողօգտագործողները ժամանակին են սկսել նախապատրաստական աշխատանքները: Կարծում եմ՝ դա պայմանավորված է եղել առաջին հերթին մեր գերատեսչության հետևողական աշխատանքներով, քանի որ նախկին փորձը հուշում է, որ ցանքսը մեզանում շարունակվում էր մինչև դեկտեմբեր ամիսը, որը հակասում է ընդունված ագրոկանոններին: Բացի դրանից տեխնիկայի խնդիրը հիմնականում ժամանակին լուծվել է, իսկ տարին, եղանակային առումով բարենպաստ է եղել: Այսինքն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները նպաստել են, որպեսզի հերկի և ցանքսի աշխատանքները ժամանակին հասցնեն, ինչն էլ մեծամասամբ երաշխավորելու է բարձր բերքի ապահովումը»,- ասել է գյուղատնտեսության փոխնախարարը և հավելել, որ աշնանացանի հիմնական աշխատանքներն ավարտված են: