«Այսպիսի՞ ուժեր են ընկրկել». Արամ Սարգսյանն ուսանողներին կոչ արեց լուծումներ թելադրել
Տարկետումը վերացնելու դեմ պայքարող ուսանողներն ակցիան շարունակեցին ԱԺ դիմաց: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանից դուրս եկավ՝ ուսանողների հետ զրուցելու:
Պատգամավորը, դիմելով ուսանողներին, ասաց, որ նրանց պայքարն արդար է, կոչ արեց լուծման տարբերակներ գտնել ու առաջարկել:
«Այն, ինչ ուսանողությունն անում է, ճիշտ է, սակայն որպես մարդ կոչ եմ անում դադարեցնել հացադուլը, որովհետև եթե հացադուլով խնդիրը լուծվեր, ես էլ հացադուլ կանեի: Իշխանության մեջ եղած կարևորն անկարևորից տարբերողները նայել են զինակոչային թվերը, թե 12-ամյա կրթության գնալուց հետո ինչ է տեղի ունենում այս երկու տարիներին և որպես լուծում գտել են այս տարբերակը: Սա համարում են ճիշտ, երկու ոտքով կանգնել են դրա վրա ու դրանից այն կողմ չեն գնում»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ իրենց խմբակցությունում կարծում են՝ այդ խնդրի լուծման այլ տարբերակներ կան: Նրա խոսքով՝ 12-ամյա կրթական համակարգը պատերազմի մեջ գտնվող երկրի համար սխալ որոշում էր, այն ոչինչ չտվեց, ավելին, խնդիրներ առաջացրեց: Ըստ պատգամավորի՝ չի կարելի ասել, որ խորհրդարան բերված այս օրենքն ամբողջությամբ վատն է, նման օրենքներ չկան, բայց անհրաժեշտ է տարկետման իրավունքից չզրկել:
Հարցին՝ ինչու՞ միայն նա արձագանքեց ուսանողների կոչին՝ գալ, միանալ իրենց, Սարգսյանը պատասխանեց. «Ես միակն էի, որ չէի լսում՝ ինչ է կատարվում դահլիճում, ականջակալներով լսում էի՝ ինչ է կատարվում այստեղ: Ես ուզում եմ՝ դուք լուծումներ գտնեք, ձեր միտքն ավելի պրպտուն է: Այսպիսի՞ ուժեր են երիտասարդության առաջ ընկրկել»:
Ակցիան ավարտելով, ուսանողները «Տարկետում լինելու ա» և «Ազատ, անկախ ուսանող» կոչերով՝ երթով շարժվեցին դեպի ԵՊՀ՝ հացադուլ անող իրենց ընկերների կողքին լինելու համար: Նրանք վաղն առավոտյան կրկին կլինեն Ազգային ժողովի առջև՝ շարունակելու իրենց ակցիան:
Նշենք, որ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Վաղը հավանաբար նախագիծը կդրվի քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան