Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի օր:
Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով, պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի ախտահարումներ:
Հիվանդության առաջնային ախտանշաններն են` շարունակական անհագ ծարավ, շարունակական անհագ քաղց, առատ միզարտադրություն, մարմնի քաշի կորուստ, բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորություն: Շաքարային դիաբետի երկրորդային ախտանշաններն են՝ մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քոր, մաշկի դժվար բուժվող բորբոքումներ, ընդհանուր մկանային թուլություն, տեսողության խանգարումներ:
Շաքարային դիաբետի ռիսկի գործոններն են՝ 40-ից բարձր տարիքը, ժառանգականությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը, զարկերակային բարձր ճնշումը, ավելորդ քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սնուցումը:
Նշենք, որ շաքարային դիաբետի 60%-ը կարելի է կանխել, վարելով առողջ ապրելակերպ, մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ:
Հաշվի առնելով հիվանդության ռիսկի գործոնները` շաքարային դիաբետը կանխելու համար պետք է խուսափել ավելորդ քաշից և նվազեցնել հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը: Շաքարի և շաքարավազի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես, խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ), նաև` կոշտ բջջանքով հարուստ բանջարեղենային սնունդ, օրը 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով (թարմ և թթվեցրած կաղամբ, հազար, սպանախ, վարունգ, լոլիկ, դդում, դդմիկ, սմբուկ և այլն): Քաղցր գազավորված, ըմպելիքների փոխարեն հարկ է օգտագործել ջուր կամ հանքային ջրեր: Խորհուրդ է տրվում կրճատել թեյի և սուրճի մեջ ավելացվող շաքարավազի քանակությունը` անցնելով անշաքար թեյի և սուրճի: Հնարավորինս պետք է հրաժարվել քաղցրեղենից` կոնֆետներ, թխվածք, պաղպաղակ, և այլ անուշեղեն:
Նաև պետք է վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, ինչը 50 %-ով նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման ռիսկը. շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժություններ (արագ քայլք, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ):
Ծխելը ևս մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, իսկ ալկոհոլը ընկճում է ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը, ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է ավտոբուսով երթ:
Միջոցառումը կմեկնարկվի ժամը 15:00-ից Ֆրանսիայի հրապարակից և կշարունակվի Երևանի փողոցներով, որի ընթացքում կլինեն կանգառներ: Անցորդներին կբաժանվեն թռուցիկներ, որոնք կպարունակեն ամփոփ տեղեկատվություն դիաբետի մասին:
Երթը կավարտվի ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում և, որպես օրվա խորհրդանիշ, երկինք բաց կթողնվեն երկնագույն փուչիկներ:
Նշենք, որ 1891թ.-ի նոյեմբերի 14-ին ծնվել է հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923թ.-ին հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ այդ օրն ամբողջ աշխարհում ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի միջազգային օր:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է 1991 թվականից Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով:
Հարակից հրապարակումներ`
- Շաքարային դիաբետով երեխային պաղպաղակ արգելելն արդյո՞ք տնտեսական բռնություն է. հարց արդարադատության փոխնախարարին
- ԱՆ. Օրակարգում շաքարային դիաբետն է
- Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող 78 հազար մարդ է գրանցված
- Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետը. Խորհուրդներ մասնագետներից
- Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է
- Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ)
- Հուլիսի 1-ից շաքարային դիաբետով հիվանդները կստանան ֆրանսիական արտադրության «Դիաբետոն»
- Շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցողներին հակադիաբետիկ հաբերով ապահովումը հասցվել է 60 %-ի. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին