Հեռախոսս փչացած է եղել, 3G-ն չի անջատվել, դրա համար էլ 2 միլիոն դրամի վճար է եկել. Հերմինե Նաղդալյան
«Երեխեք ջան, դրա ի՞նչը մեկնաբանեմ: Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրա համար էլ 2 միլիոն դրամի վճար է եկել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատամավոր Հերմինեն Նաղդալյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն իր հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ պատրաստվում գումարը փոխհատուցել: Ի պատասխան՝ պատգամավորն ավելացրեց՝ իրեն նման բան չի ասվել:
Դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ այդքան մեծ գումար ֆիքսվել է Չինաստանում գտնվող իր որդու հետ խոսելու պատճառով, Հերմինե Նաղդալյանը նշեց. «Ես իմ որդու հետ Չինաստան WhatsApp-ով եմ խոսում»։
Լրագրողները փորձեցին ճշգրտել՝ հեռախոսը մեկ ամիս շարունակ փչացած է եղել և պատգամավորն այդ մասին չի՞ իմացել: «Մի ամիս չէ, մի քանի օր 3G-ն չի աշխատել»,- ասաց նա:
Թե սակագնային ինչ պլանից է օգտվում, Հերմինե Նաղդալյանը չպարզաբանեց և արագորեն հեռացավ: