Իշխանությունը կհասկանա՝ տարկետման հարցը չլուծել չի կարելի. Վարդան Բոստանջյան
Ազգային ժողովն անպայման լուծում կտա տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող երիտասարդների խնդրին: Միայն այն հանգամանքը, որ այդ երիտասարդների հետ ամենատարբեր մակարդակներում հանդիպումներ տեղի ունեցան, դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները լուծումներ են փնտրում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Չի կարող պատահել, որ երիտասարդ մարդիկ սխալ մոտեցումներ ձևավորեն: Որոշ կարծիքներ կարող է ծայրահեղ բնույթ կրեն: Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Կարևոր է, որ հարցը բարձրացվել է: Բարձրացվելու պարագայում դա ենթադրում և պահանջում է համակողմանի ուսումնասիրություն և համապատասխան լուծումների առաջարկում»,- ասաց պատգամավորը:
Վարդան Բոստանջյանի խոսքով, տարկետման իրավունքի վերացումն, ըստ էության, բարդ խնդիր է: Խնդիրը մի կողմից վերաբերում է ՀՀ անվտանգությանը, մյուս կողմից՝ գիտությանը:
«Ինչ-որ հարցերում երիտասարդները ճիշտ են: Իսկ ի՞նչ իմացաք, որ իշխանությունը մտադիր չէ լուծել խնդիրը: Եթե մինչև անգամ հայտարարել է, որ տարկետում չի լինելու, ամեն ինչ ունի իր ինկուբացիան՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում նույն իշխանությունը կզգա՝ այս հարցը չլուծել չի կարող»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը:
Լրագրողները Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ տարկետման իրավունք ստացած բացառիկ տաղանդավոր երիտասարդները «պատահաբար» լինեն պաշտոնյաների որդիներ:
Պատգամավորը նման հնարավորությունը չափազանց բացասական և դատապարտելի գնահատեց:
Ինչ վերաբերում է օրենքի այն կետին, որով ծառայությունից կազատվեն նաև մինչև զորակոչվելը երկու երեխա ունեցած տղաները, Վարդան Բոստանջյանը նշեց՝ այդ կետը գուցե ներառվել է, որ այդպես էլ կյանքի չկոչվի, քանի որ դժվար է պատկերացնել՝ ինչպես 18 տարեկան երեխան պետք է հասցնի 2 երեխա ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պետրոսյանը և 4 այլ ուսանող հացադուլ են հայտարարել
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Խիստ դեմ եմ, որ արևմտյան համալսարաններում սովորող բոլոր անձիք ստանան տարկետում. ԵՊՀ ռեկտոր
- Կառավարությունը ծրագրում է ուսանողներին տարկետում չտալ, և 18 տարին լրացածները բոլորը կզորակոչվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին