Կոմիտասի և Թումանյանի ծննդյան հոբելյանները կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1817-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են Կազմակերպության հավանությունը:
1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 23 հոբելյանական տարեթիվ:
Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350-ամյակը» և «Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտերը: