Էնդոկրինոլոգներն ահազանգում են՝ շաքարային դիաբետը վերածվում է համաճարակի
Շաքարային դիաբետը և սրտանոթային համակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում 3-րդ տեղն են զբաղեցնում` իրենց հաշմանդամության և մահացության ցուցանիշներով: Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոնում« տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Էդվարդ Թորոմանյանը:
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը մոտ 400 միլիոնի է հասնում, որոնց գերակշիռ մասը հիվանդանում է երկրորդ տիպի դիաբետով: Ըստ Է. Թորոմանյանի՝ տարեցտարի այդ թվերն աճում են. եթե 2000 թ-ին գրանցված էր 200 մլն մարդ, այսօր այդ թիվը կրկնապատկվել է:
«Նույն պատկերը նաև Հայաստանում է: Եթե 2000թ-ին Հայաստանում կար դիաբետով հիվանդ մոտ 40 հազար մարդ, ապա ներկայում դիսպանսեր հսկողության տակ է շուրջ 83 հազար մարդ: Այսինքն՝ 17 տարվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվել է: Կարծում եմ, որ տարեվերջին այդ թիվը կանցնի 90 հազարից, քանի որ վերջին տարիներին տարեկան 7-8 հազար նոր դեպքեր ենք ունենում, մինչդեռ 2000թ-ին՝ 2-3 հազար նոր դեպք»,- ասաց նա:
Էնդոկրինոլոգները ահազանգում են, որ շաքարային դիաբետը վերածվում է համաճարակի, քանի որ հիվանդությունը շատ արագ տեմպերով է առաջ ընթանում: Մասնագետների հաշվարկներով՝ 2020թ-ին շաքարային դիաբետով հիվանդների թիվը կգերազանցի 500 մլն-ը, այսինքն` աշխարհի բնակչության 5 տոկոսի մեջ տարածված կլինի շաքարային դիաբետը: