Սա այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հացադուլ անող ուսանողներին կոչ է անում դադրեցնել բողոքի ակցիան, քանի որ դա, նրա խոսքերով, ճշմարիտ ճանապարհ չէ: Այս մասին փոխնախարարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Սա այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել: Մենք գիտությանը խոչընդոտող որևէ նախաձեռնություն չենք իրականացրել, և այս օրենքն էլ դրան միտված չէ: «Տարկետում» հասկացությունը շարունակում է գործել՝ պայմաններով, ընդ որում այնպիսի պայմաններով, որ մատչելի լինի բոլորին: Այսօր տարկետումը գործում է այն մարդկանց համար, ովքեր ավելի շատ միավորներ են հավաքում: Իսկ մենք առաջարկում ենք տարկետման իրավունքից օգտվել բոլորն այն ուսանողներին, ովքեր ի սկզբանե բանակից չեն խուսափում, ասում են՝ ,թույլ տվեք՝ ավարտեմ ուսումս», այսնիքն՝ կրթության շարունակականությունն ապահեվենք: Դրանից լա՞վ առաջարկ»,- հարց հնչեցրեց Արտակ Զաքարյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով, իշխանությունները հացադուլ հայտարարած ուսանողների պահանջները չեն ընդունում, քանի որ վստահ են իրենց առաջարկների մեջ:
«Ընդունել առաջարկները նշանակում է վերադառնալ, նորից թույլ տալ, որ չարաշահողները չարաշահեն, խուսափողները խուսափեն, գիտությունն էլ դրանից որևէ բան չշահի»,- համոզմունք հայտնեց գործադիրի ներկայացուցիչը:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ բացառիկ տաղանդավոր երիտասարդներին տարկետում տրամադրելու գործընթացը դարձնելու են հանրային քննարկման հարց և նեղ մասնագետներից հետաքրքրվելու են՝ արդյոք այսինչ անձը լավ ջութակահար է, թե ոչ: Խիստ վերահսկողություն է սահմանվելու նաև առողջապահության բնագավառում:
«Ես նորից եմ ասում՝ հարգում եմ ուսանողների պայքարը: Կարծում եմ՝ երիտասարդները կվերադառնան համագործակցության դաշտ»,- հույս հայտնեց փոխնախարարը:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանությնա նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատություններին՝ Արտակ Զաքարյանը նշեց՝ դրանք քննադատություն չեն, այլ ցինիզմի դրսևորման հերթական օրինակ: Նա նաև նորմալ համարեց, որ պաշտպանության նախարարի ծառայության մասին փաստաթղթերն այլևս գոյություն չունեն, ինչպես որ չունեն, օրինակ, իր ծառայության վերաբերյալ փաստաթղթերը:
«Կարգն է այդպես: Հինգ տարի հետո այդ փաստաթղթերը արխիվացվում և ոչնչացվում են»,- ասաց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան