Քսան փաստաբան դիմել են դատարան՝ Ա.Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմն անվավեր ճանաչելու պահանջով
«Այսօր 20 փաստաբան գործընկերներով հայցադիմում ենք ներկայացրել դատարան, որով պահանջում ենք անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա մանրամասնում է. «Զոհրաբյանը 1994-1999թ. ընթացքում առկա ուսուցմամբ սովորելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվում, հասցրել է միաժամանակ 1996-1998թթ. ընթացքում անցնել ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Մեզ բոլորիս միևնույն է և որևէ հետաքրքրություն չի ներկայացնում Ա.Զոհրաբյանի մասնավոր փաստաբանական գործունեությունը, սակայն մենք անթույլատրելի ենք համարում, որ մեր պետության միակ փաստաբանական կառույցի ղեկավարը ունենա մի դիպլոմ, որի վավերությունը առաջացնում է տարակուսանք և կասկածներ:
Բազմիցս նշել ենք, որ նրա գործունեությունը այդ պաշտոնում կործանարար է փաստաբանության համար և դա օրըստօրե դառնում է դառը իրականություն: Եթե դատարանը հիմնավոր համարի մեր փաստարկները, ապա որպես դրա իրավաբանական հետևանք պետք է դադարեցվի նաև փաստաբանական գործունեության արտոնագիրը և նա պետք է պաշտոնանկ արվի:
Թյուր կարծիքներից և պատկերացումներից խուսափելու համար նշենք, որ մենք չենք գտնում, որ փաստաբանության համար կործանարար վիճակի ստեղծումը պայմանավորված է զուտ մեկ անձի գործունեությամբ, դրան են մեծապես նպաստում ՀՀ փաստաբանների պալատի մենաշնորհային դիրքը, որը թույլ չի տալի փաստաբանին ընտրել , թե իր գործընկերներից ում հետ նա կարող է միավորվել մասնագիտական միավորման մեջ, ինչպես նաև պալատի ներքին կառուցվածքը, որը բացառում է հակակշիռների գոյությունը:
Վերջինիս բացակայությունը հանգեցնում է այլախոհության և տարակարծության բացառմանը և այդ ինստիտուտի լճացմանը, ինչու ոչ, նաև կատարյալ ձախողմանը, որի ականատեսն ենք վերջին տարվա ընթացքում դարձել բոլորս: Ուստի մեր հայցադիմումը ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ նպատակ ունի փրկել մեր մասնագիտությունը Հայաստանում և փորձել հիմքեր ստեղծել դրա հետագա վերականգման համար:
Հ.Գ. Իսկ շարքային, հրետանավոր Ա.Զոհրաբյանից դատավարության ընթացքում ակնկալում ենք մի շարք պարզաբանումներ՝ մեզ , որպես իրավաբանական ԲՈՒՀ-երի նախկին ուսանողների, ինչպես նաև մեզանից հատկապես նրանց, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն, շատ է հետաքրքիր, մասնավորապես, թե զորանոցային կամ մարտական դիրքերի պայմաններում ինչպես է հաջողվել նախապատրաստվել և հաջողությամբ հանձնել շուրջ 25-30 քննություն ու 30-40 ստուգարք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան