«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անում
Ազգային ժողովի առջև այսօր առավոտից բողոքի ակցիայի են դուրս եկել «Առինջ Մոլ»-ի աշխատակիցները: Նրանց պահանջը նույնն է՝ ազատել իրենց ավելորդ թղթաբանությունից, հրաժարվել յուրաքանչյուր ապրանքի փաստաթղթավորելու ՊԵԿ պահանջից:
Հիշեցնենք, որ պահանջին չենթարկվելու դեպքում առևտրականները բարձր տուգանքների կենթարկվեն:
Ակցիայի մասնակիցները նամակով դիմեցին ԱԺ չորս խմբակցություններին՝ պահանջելով արդար վերաբերմունք:
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը նշեց, որ երեկվանից ստորագրահավաք են կազմակերպել, ԱԺ խմբակցություններին դիմում են խնդրանքով՝ այս խնդրին նայել հասարակ մարդու տեսանկյունից, քանի որ այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու:
«Ի՞նչ է, ՀՀ քաղաքացին իրավունք չունի՞ հանգիստ ապրելու: Ո՞վ է որոշել, որ պիտի բռնություններով բյուջե լցնեն: Ո՞վ է որոշել, որ առևտրականները հարուստ մարդիկ են: Մենք պնդում ենք՝ մի տանը եթե մարդ կա, չորսն էլ վարկի տակ են: Ո՞վ է որոշել, որ իրավասու են այս թալանն անել: Ի՞նչ է նշանակում կոշտ-կոպիտ դիրքորոշում»,- ասաց նա:
Ներսիսյանը նշեց, որ որոշել են հակադարձ քայլեր անել: Խնդրելու են ԱԺ չորս ուժերին՝ հանձնախումբ բացել, իրենց էլ ավելացնել, որպեսզի ուսումնասիրեն, թե իրենց նկատմամբ կոշտ վարչարարության պահանջ դնողների ունեցվածքը որտեղի՞ց է:
«Առինջ Մոլ»-ի աշխատակցուհի Սուսաննա Ալեքսանյանը նշեց, որ իրենք ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում, եթե հարկերը մուծելու համար է, իրենք պատրաստ են վճարել:
«Մենք հանցագործներ չենք, գործավորներ ենք, մշակի չափ աշխատում ենք, ուզում ենք պարզեցում, հասկանում ենք՝ դա սահմանամերձ գյուղերի, բանակի հարց է լուծում, ապրանքը ներկրելիս պատրաստ ենք նախօրոք վճարել պետությանը: Ու՞մ է ձեռնտու, որ հարկայինին և այլն, այսքան մարդու աշխատավարձ տան ու դժվարացնեն աշխատողի կյանքը»,- ասաց նա:
Առևտրականներն ԱԺ անվտանգության՝ իրենց մոտեցած աշխատակցին հանձնեցին նամակ-պահանջագիրը, որում խնդրում են ուշադրությունը սևեռել արդեն մի քանի տարի խմորվող և լուծում չստացող խնդրի վրա, երբ ՊԵԿ աշխատակիցներն առանց հանձնարարականի կարող են մտնել տաղավար և ահաբեկել մարդկանց:
Ակցիայի մասնակիցներն ուղիղ եթերով կոչ արեցին միանալ իրենց, հայտնեցին, որ մինչև երեկո պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան: