Իսրայելյան. Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է մասնակցում Իսրայելի հակաիրանական գործողություններին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ փորձում են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունները: Ֆեյսբուքյան իր էջում իրանագետ Արմեն Իսրայելյանը մանրամասնում է, որ այս անգամ խոսքը վերաբերում է ԻԻՀ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին ուղղված «APA» լրատվական գործակալության լրագրողի հարցին, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել հարցին. «Իրանը անկախությունից ի վեր Հայաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, ՀՀ-ն այն հարևաններից է, որի հետ մենք քիչ խնդիրներ ունենք: Հայաստանն իր քաղաքական հարաբերություններն է կառուցում, և մենք այդ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք, սակայն, ճանաչելով Իսրայելին, վստահ ենք, որ այդ երկրի գործողություններն ուղղված չեն կայունության հաստատմանը, ուստի մեր հայ բարեկամներին հորդորում ենք ուշադիր հետևել տարածաշրջանում Իսրայելի իրականացրած գործողություններին, վստահ ենք, որ Հայաստանը տեղեկացված է այդ հարցում»:
Իսկ ադրբեջանական աղբյուրը, թեև վերնագրում ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությանը մոտ ձևակերպում, սակայն բուն նյութում այլ կերպ է ձևակերպել՝ ներկայացնելով հետևյալ տարբերակով. «....Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել իրենց գործողություններին կովկասյան տարածաշրջանում»:
«Նման վարքագիծը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է տարիներ շարունակ մասնակցում Իսրայելի մշակած հակաիրանական գործողություններին»,-հետգրությամբ նշում է իրանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան