Արթուր Պետրոսյան. Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Կիպրոս ընկերական խաղից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.
Հարց-Պարոն Պետրոսյան, ի՞նչ էիք պատրաստել այսօրվա խաղի համար և ինչքանո՞վ այն ստացվեց ։
Պատասխան-Ըստ իս, ինչ որ ծրագրել էինք՝ ստացվեց։ Շատ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք։ Կարող էինք հենց առաջին խաղակեսում էլ խաղը վերջացնել։ Պաշտպանությունում փոփոխություններ էինք արել, և կարծում եմ՝ դա նույնպես իր արդյունքը տվեց։
Հարց-Այսօրվա խաղում թիմը երկու գոլ խփեց ստանդարտ իրավիճակներից ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Պատասխան-Որովհետև շատ ենք աշխատում ստանդարտների վրա` թե տուգանայինների, և թե անկյունայինների։ Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում, և դրա համար էլ ամեն ինչ ստացվում է։
Հարց-Եթե ի մի բերենք երկու ընկերական հանդիպումներն ու ձեր փորձարկումները, ի՞նչ արդյունքի հասանք։
Պատասխան-Շատ լավ պահեր ունեցանք երկու խաղերում էլ, խաղարկումները ստացվում էին, մեկ-երկու հպումով արագ տեղաշարժվելով արագ կարողանում էինք գրոհել։ Նորեկները այս պահի դրությամբ արդարացրեցին սպասելիքները։ Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք։
Հարց-Պարոն Պետրոսյան, ինչպես Բելառուսի խաղում, այնպես էլ այսօր թիմը սկսեց խաղալ 5 պաշտպանով։ Դա մրցակցի ճնշման արդյո՞նքն էր, թե նաև այդ մարտավարությունն էիք փորձարկում։
Պատասխան-Երևի կլինեն խաղեր, երբ մի գնդակի առավելությամբ հաղթելու ենք, և դրա համար հիմա սա փորձարկում էինք, որպեսզի պատրաստվեինք նման վիճակներին և այդ պահին ուժեղացնենք պաշտպանությունը։ Ըստ իս, երկու խաղերում էլ դա շատ լավ ստացվեց։
Հարց-Ի՞նչն էր պատճառը, որ երկու ընկերական խաղում էլ դարպասապահի փոփոխություն չտեսանք, և դարպասը պաշտպանում էր Արսեն Բեգլարյանը։
Պատասխան-Արման Մելիքսեթյանը առաջին անգամ էր հրավիրվում ազգային թիմ, իսկ Գոռը մի քանի անգամ հրավիրվել և մասնակցել էր հավաքներին։ Ասեմ կարճ՝ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղին խաղալ։ Ավելի շատ ասածս հոգեբանական վիճակին է վերաբերվում, բայց նշեմ, որ մենք պլանավորել էինք իրենց խաղացնել։
Հարց-Իսկ կա՞ն Հայաստանի առաջնությունում այնպիսի դարպասապահներ, ովքեր կարող են մրցակցել Արսեն Բեգլարյանի հետ։
Պատասխան-Երկու խաղում էլ Արսենը շատ լավ ու վստահ խաղ ցուցադրեց, միայն այսօր երկրորդ գոլի ժամանակ սխալվեց։ Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում առկա դարպասապահներից համար առաջինը Արսեն Բեգլարյանն է։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա իր մշտական տեղը ապահովել է, և պետք է շարունակի աշխատել։
Հարց-Նախորդ խաղին երկրպագուները լռության ակցիա էին սկսել, որը շարունակվեց նաև այս խաղում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին։
Պատասխան-Շատ վատ։ Գիտեք, բոլորի մոտ էլ դժվար պահեր լինում են։ Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե դժվար, և թե լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։ Նախորդ խաղին սուլում էին մեր ֆուտբոլիստներին, և դա շատ վատ է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չէին դրան։
Հարց-Դուք հայտարարել էիք, որ շարունակելու եք հակավաքանի ղեկին ձեր աշխատանքը։ Մարզչական շտաբում փոփոխություններ լինելու՞ են։
Պատասխան-Ոչ։