Մեր մտադրությունը որն է, դայակներին հարկե՞լը, թե՞ մայրերին աջակցելը. Նիկոլ Փաշինյան
«Առաջարկում են համապատասխան կարգ սահմանվի, որով մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող մայրը մինչև երեխայի 2 տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքի հետ զուգահեռ կազմակերպելիս կունենա կառավարությունից աջակցություն ստանալու իրավունք՝ կառավարության սահմանած կարգով»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Նախարարի խոսքով՝ ներկայացված նախագիծը պայմանավորելով ժողովրդագրական խնդիրներին որոշակի լուծումներ տալու հանգամանքով՝ միջազգային փորձի ուսումնասիրություն են իրականացրել և պարզել, որ անգամ եվրոպական շատ երկրներում զբաղվածություն ունեցող մայրերի տոկոսը բավականին բարձր է՝ 75-85 տոկոս:
«Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ներկայումս հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալի է համարվում աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը: Այսինքն՝ եթե մենք աշխատող մայրերին մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի հարցում աջակցենք, դա նրանց թույլ կտա մտածել հաջորդ երեխան ունենալու մասին: Կարծում ենք, որ այս ծրագրի ներդրումը մեզ հնարավորություն կտա որոշակի առումով բարելավել ժողովրդագրական վիճակը»,-նշեց հիմնական զեկուցողը:
Արտեմ Ասատրյանը հավելեց, որ սա ժողովրդագրական խնդիրներին լուծում տալու ընդամենը մեկ ուղղությունն է. «Առաջիկայում հնարավորություն կունենանք խորհրդարանում առավել համապարփակ քննարկել ժողովրդագրական խնդիրների լուծման բոլոր ուղղությունները»։
Հիմնական զեկուցողին դիմելով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովում այս հարցի քննարկումը բավականին բարձր տրամադրությամբ անցավ, բայց վերջում պարզվեց, որ երկակի խնդիր կա՝ դայակներին հարկային դաշտ բերելու։
«Ես կուզենայի օրինագծի ոչ այդքան հաճելի մասին անդրադառնայիք, քանի որ հաճելին արդեն պարզ և հանրահայտ է: Մեր մտադրությունը որն է, դայակներին հարկելը, թե՞ մայրերին աջակցելը»,- հարցրեց Փաշինյանը։
Նախարարը պատասխանեց, որ այստեղ միայն հաճելի մասն է, ոչ հաճելի մաս չկա. «Մենք որևէ խնդիր չենք դրել մեր առջև հարկային դաշտ բերելու, քանի որ այս ծրագիրը, որն առաջարկվում է, քաղաքացին կամավոր է ընդգրկվելու դրա մեջ»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն էլ նշեց. «Ակնհայտ է մի բան, այսօր մենք լուրջ խնդիր ունենք հանրային իրազեկման՝ իրագործվող ծրագրերի վերաբերյալ։ Ահռելի ծրագրեր է արվում, բայց շահառուներին չենք կարողանում հասցնել այդ տեղեկատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան