Թուրք-ռուսական հարաբերությունները մերժվածների ամուսնություն են. Լևոն Շիրինյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ԼՂ հարցը չի քննարկվել: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման հարց օրակարգում չի էլ եղել:
«Թուրքիան, այդուհանդերձ, Արևմուտքի դաշնակիցն է, և Արևմուտքից երաշխավորություն չունի, որ պիտի ընդգրկվի դրա մեջ: Ռուսաստանին դա միանշանակ ձեռնտու չէ: Մեր ժողովուրդն էլ միշտ պետք է իմանա, որ այս խնդրի տերը ինքն է: Ես կարծում եմ, որ Պուտինը կարող էր և այդ հարցը չքննարկել Էրդողանի հետ: եթե քննարկում է, նա Թուրքիային արդեն գործընկեր է դիտում այս՝ Հարավային Կովկաս կոչված տարածաշրջանում, բայց չեմ կարծում, որ խելքն այդքան կորցրել է»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ հետաքրքիր է այն, որ երկու «մերժվածներ»՝ Ռուսաստանը՝ Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, և Թուրքիան՝ «տարած-հետ բերած», մերժված աղջկա նման, իրար հետ փորձում են կոմպրոմիսային հարցերի գնալ:
Շիրինյանը նշեց, որ Ռուսաստանն ակնհայտորեն զիջումների է գնում Թուրքիային, ավելիին է գնում, քան պետք է, և դա ռուս բոլշևիկների ավանդույթն է՝ ծախվում են թուրքերին:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանում բոլորն այդպես խելագարվել են: Մի բան պիտի իմանան՝ թուրքերը սակարկող են, պիտի այդ գինը գցեն, բարոյականությունը գցեն, օգուտները ստանան՝ հնարավորինս շատ, ինչքան կարող են պիտի պոկեն ռուսներից, ինչն էլ հենց անում են: Ես նույնիսկ զենքերի վաճառքին չեմ հավատում, այդ ամենը Թուրքիան անում է՝ Արևմուտքից շատ ստանալու համար, որ անընդհատ շատ պոկի, բայց դե պիտի հասկանա՝ այնտեղ ապուշ չեն»,- ասաց նա:
Պուտին-Էրդողան հանդիպումն, ըստ քաղաքագետի, Թուրքիայի համար արդյունավետ է եղել: Թուրքիան դաշնակից է Արևմուտքի հետ, ու քանի որ Արևմուտքը «թքում է» Թուրքիայի վրա, ռուսների հետ մերձենալով՝ թուրքերն իրենց գինն են բարձրացնում: Շիրինյանի համոզմամբ՝ հայկական հարցը պետք է այս հարաբերությունների արանքից դուրս բերվի: Հայաստանը պիտի պատրաստ լինի ցանկացած շրջադարձի, ռուսներն էլ պիտի զգան, որ մենք կարող ենք ցանկացած անգամ այլ գործողության գնալ, և որ իրենց դաշնակից խաղալը մեզ առանձնապես վստահություն չի ներշնչում:
«Դա իրենց հարցը չի՝ ոչ ռուսի, ոչ թուրքի, Արցախը հայ ժողովրդի հարցն է: Եթե ես լինեի ԱԳ նախարար՝ հիմա Ռուսաստանին, որպես բարեկամի, մի քանի նոտա էի հղել: Ու՞մ հարցերն ես քննարկում, Ղրիմը կարող ես վերադարձնել Ուկրաինային, Քյոնիքսբերգը՝ Գերմանիային: Ու՞մ հարցն ես քննարկում: Հայությունը մի բան պիտի սովորի՝ ոչ մեկն այս հարցի տերը չէ, մեզանից բացի: Իրենց ո՞վ է լիազորել մեր հարցը քննարկել: Ոչ ոք իրավունք չունի մեր ճակատագիրը քննարկելու»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան